Մատչելիության հղումներ

Նորքի զինված խմբի գործով այսօրվա նիստը չկայացավ, բացակայում էին առանցքային վկաներ, փաստաբաններ


Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստ, արխիվ

Նորք Մարաշի զինված խմբի գործով նիստին այսօր հետաձգվեց: Դատարան չէին ներկայացել գործով անցնող առանցքային վկաներ Հրանտ և Հայկ Վարդանյանները: Նրանք, ի դեպ, գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանի զարմիկներն են: Նիստին ներկա չէին նաև վկաներ, «Ռադիո Մարիամ»-ի Գյումրու մասնաճյուղի լրագրող Լիլիթ Թորոսյանը, Սրբուհի Այվազյանը և չորս փաստաբաններ:

Դատավոր Արմեն Բեկթաշյանը թեև հայտարարեց, որ ամբաստանյալները համաձայնություն են տվել, որ նիստը շարունակվի փաստաբանների բացակայությամբ, այդուհանդերձ, մեղադրող դատախազը պահանջեց, որ այդ մասին «պատշճաշ ծանուցվի», նշելով, որ նրանց ներկայությունը պարտադիր է:

Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի, Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Երևանի Նորք թաղամասում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել էր բռնությամբ զավթել իշխանությունը: Օրինակ՝ թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության և այլ հաստատությունների շենքերի վրա:

Գործի նյութերի համաձայն, մասնավորապես, խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանն իր համախոհներին առաջադրանք է տվել՝ լուսանկարել իր համար հետաքրքրություն ներկայացնող օբյեկտները, այդ թվում` նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի, նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՝ Մրգաշեն գյուղում գտնվող հայրական տներն ու մատույցները, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի աշխատավայրերը, ինչպես նաև ՀՀ նախագահի նստավայրը, Բարեկամության, Ֆրանսիայի հրապարակները, Հաղթանակ և Կիևյան կամուրջները:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել 33 անձի: Ներկայումս ամբաստանյալի կարգավիճակ ունեցող 20 անձանց առաջադրվել է նույն մեղադրանքը՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ մասնակցելու, ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելու, պահելու կամ կրելու և իշխանությունը յուրացնելու նախապատրաստության հոդվածներով: Նրանց բոլորին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: 20 ամբաստանյալներից 12-ը կալանավորված են, 5-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ 3-ի նկատմամբ կիրառվել է գրավով ազատ արձակելու միջոցը:

Գործով անցնող ամբաստանյալներից Նելլի Մինասյանն այսօր կրկին պնդեց՝ սա հնարած գործ է, մեղադրանքն էլ հիմնականում կազմվել է ամբաստանյալներից մեկի՝ Տիգրան Բոյաջյանի ցուցմունքի հիման վրա: Այս գործով գլխավոր մեղադրյալներից մեկն էլ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանն է, ով կասկածվում է Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին գործելու, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ:

Նախորդ նիստի ընթացքում, երբ մեղադրող դատախազը ներկայացրեց մեղադրանքները, ամբաստանյալներից որևէ մեկը չընդունեց դրանք: Ավելին՝ գլխավոր մեղադրյալ Արթուր Վարդանյանը, որն ըստ ԱԱԾ-ի՝ զինված խմբի պարագլուխն է, այն զավեշտ որակեց: Իսկ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը դատարանում հայտարարեց, որ դա «ԱԱԾ-ի սադրանքն է»:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Շիրխանյանի շահերը ներկայացնող փաստաբան Աննա Մարալյանը, ով դեռ օգոստոսի 8-ին է Ստրասբուրգից ժամանել Երևան, միայն մի քանի օր առաջ է կարողացել ՔԿՀ-ում հանդիպել իր պաշտպանյալի հետ: «Ցավոք, մենք դեռ պետության պատասխանը չունենք: Պետությունը խնդրել էր երկարաձգել հարցերին պատասխանելու ժամեկետը, որից մենք տեղյակ չէինք: Դրա համար ես գործուղվեցի [Երևան]՝ ակնկալելով պետության պատասխանը, բայց չստացանք»,- ասաց Աննա Մարալյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG