Մատչելիության հղումներ

Ահաբեկչություն Բարսելոնայում․ 13 մարդ զոհվել է, 100-ից ավելին՝ վիրավորվել


Իսպանիա - Հարձակման հետևանքով վիրավորվածներին օգնություն է ցուցաբերվում, Բարսելոնա, 17-ը օգոստոսի, 2017թ․
Իսպանիա - Հարձակման հետևանքով վիրավորվածներին օգնություն է ցուցաբերվում, Բարսելոնա, 17-ը օգոստոսի, 2017թ․

Իսպանիայի Կատալոնիա երկրամասի իշխանությունները հաստատել են, որ Բարսելոնայում հինգշաբթի օրը տեղի ունեցած հարձակման հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել են։

Զոհերն ու վիրավորները հիմնականում եվրոպական երկրների քաղաքացիներ են:

Երեկ Բարսելոնայի Լա Ռամբլա մարդաշատ փողոցում, որը տեղացիների և զբոսաշրջիկների նախընտրած վայրերից մեկն է, բեռնատարի վարորդը մեքենան միտումնավոր մխրճել է մարդկանց բազմության մեջ։ Իշխանությունները կատարվածը ահաբեկչություն են որակում:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ, ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել կատարվածի կապակցությամբ, մեկը՝ մարոկացի, մյուսը՝ Իսպանիայի հյուսիսաֆրիկյան Մելիլա անկլավից, սակայն դեպքի վայրից փախուստի դիմած բեռնատարի վարորդին հայտնաբերել առայժմ չի հաջողվել։

Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն»-ը (ԻՊ)։ Ահաբեկչական խմբավորումը իր Amaq լրատվական գործակալության միջոցով հաղորդել է, թե Բարսելոնայի հարձակման հեղինակները իր «զինվորներն» են և «գործողությունը իրականացրել են ի պատասխան կոալիցիայի պետությունները թիրախավորելու կոչերի»:

Իսպանիայի իշխանությունները հայտարարում են, որ կանխել են մեկ այլ ահաբեկչական գործողություն, որը պետք է հաջորդեր Բարսելոնայի հարձակմանը։ Ոստիկանությունը հայտարարում է, որ Բարսելոնայի ահաբեկչությունից ժամեր անց Կամբրիլս քաղաքում 5 մարդու է սպանել, որոնք նմանատիպ հարձակում էին նախապատրաստում և հասցրել էին ավտոմեքենայով վրաերթի ենթարկել 6 քաղաքացիական անձի ու մեկ ոստիկանի, վերջիններս մարմնական վնասվածքներ են ստացել:

Ոստիկանությունը պնդում է, որ Բարսելոնայի և Կամբրիլսի հարձակումների միջև կապ կա:

Իսպանացի իրավապահները հայտնում են նաև, որ մինչ Բարսելոնայի ահաբեկչությունը այդ քաղաքին մոտ գտնվող բնակավայրի տներից մեկում պայթյունի հետևանքով մեկ մարդ է մահացել: Ոստիկանության աղբյուրների վկայությամբ՝ այդ տան բնակիչները պայթուցիկներ էին պատրաստում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG