Pew Research հետազոտական կենտրոնի անցկացրած համաշխարհային հարցախույզի արդյունքները վկայում են, որ աշխարհում էապես նվազել է վստահությունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ:
"Publics Worldwide Unfavorable Toward Putin, Russia" զեկույցում ասվում է, որ հարցվածների 31 տոկոսի կարծիքով` Ռուսաստանը հզոր տերություն է, որի քաղաքականությունը խոշոր սպառնալիք է իրենց համար:
Ընդհանուր հաշվով, Ռուսաստանի միջազգային վարկանիշն առավել բացասական է, քան դրական: Բացասական վերաբերմունքը հատկապես նկատելի է Միացյալ Նահանգներում և Եվրոպայում, սակայն Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում և Հարավային Ամերիկայում միանշանակ բացասական կամ դրական վերաբերմունք չկա:
Միայն երեք երկրներում է Ռուսաստանի նկատմամբ ակնհայտ դրական վերաբերմունք՝ Վիետնամում այն կազմում է 83 տոկոս, Հունաստանում՝ 64 և Ֆիլիպիններում՝ 55:
Հարցվածների 46 տոկոսի կարծիքով՝ Ռուսաստանը չի հարգում իր քաղաքացիների իրավունքները, 17 տոկոսը այդ առնչությամբ կարծիք չունի, և 30 տոկոսը ենթադրում է, որ ռուսաստանցիների իրավունքները երաշխավորված են:
Ամերիկացիների և եվրոպացիների մեծ մասը ենթադրում են, որ Ռուսաստանի իշխանությունը չի ապահովում ռուսաստանցիների քաղաքացիական իրավունքները: Ասիայում, Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում միանշանակ տեսակետ չկա, իսկ Աֆրիկայում հավատում են, որ Ռուսաստանում հարգում են քաղաքացիական ազատությունները:
Հարցված եվրոպացիների 78 տոկոսը չի վստահում Վլադիմիր Պուտինին: ԱՄՆ-ում և Կանադայում չորս հարցվածներից մեկն է համակրում Պուտինին:
Pew Research կենտրոնի ավագ վերլուծաբան Մարգարեթ Վայսի փոխանցմամբ, Պուտինի հանդեպ վստահությունը նվազել է:
«Հարցվածների մեկ քառորդն է դրական գնահատում միջազգային ասպարեզում Պուտինի վարած քաղաքականությունը», - ասել է Վայսը:
Pew Research կենտրոնը հարցումն անցկացրել է 37 երկրներում՝ մոտ 40 հազար մարդկանց շրջանում: