Մատչելիության հղումներ

Տնակից բնակարան տեղափոխվեց «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի 22-րդ շահառուն


Ջուլիետա Կիրակոսյանի ընտանիքը «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի 22-րդ շահառուն էր, որ այսօր տնակից բնակարան տեղափոխվեց:

Կիրակոսյանների ընտանիքը երկրաշարժին բնակարան չի կորցել և անօթևանի կարգավիճակ չունի, սակայն շուրջ 29 տարի տնակում է ապրել: Կիրակոսյանների երկու որդիները դրսում են՝ արտագնա աշխատանքի: Տիկին Ջուլիետան ասում է, որ բնակարան ստանալու լուրն իմացել են ու առաջիկայում կվերադառնան:

Տնակում առանց կարգավիճակի ապրող ընտանիքը չէր էլ մտածում, որ մի օր իրենց դուռը կթակեն ու բնակարան կառաջարկեն:

«Մտքիցս էլ չէր անցնի: Կասեի՝ գոնե կըրնամ տունը սարքեմ․․․ էդ միջոցն է չունեի արդեն, որտև տղիս գործերը էդպես լավ չէր, չէի կրնա: Պըտի սպասեի․․․ Հըմի Անդրանիկի միջոցով, ապրի արևը, շնորհակալ եմ, որ ինձի թիկունք կայնավ, էս տունը գնեց ինձ համար», - ասաց տիկին Ջուլիետան:

Անդրանիկը ընտանիքին բնակարան նվիրած բարերարն է: «Գյումրին առանց տնակների» հիմադրամի գործադիր տնօրեն Ղարիբ Հարությունյանը նշեց, որ սա հիմնադրամի նվիրաբերած 22-րդ բնակարանն է․ - «Հիմնադրամը իր գործունեության ընթացքում փորձում է միջոցներ հայթայթել տարբեր աղբյուներից՝ անհատներից, կառույցներից՝ դիմելով և՛ Հայաստանում գործող, և՛ Սփյուռքում մեր հայրենակիցներին, որպեսզի որոշակի աջակցություն ցուցաբերեն: Պետք է հնարավորինս շուտ, անհապաղ լուծել, Գյումրին ազատել ժամանակավոր կացարաններից, տնակներից»:

Հիմադրամը նաև Գյումրիում տնակների հաշվառում է անցկացրել և նախնական հաշվարկով պարզել, որ փաստացի 2500 ընտանիք ապրում է տնակներում․ - «Առաջիկայում կհրապարակվեն կոնկրետ ցուցանիշները՝ թե քաղաքում քանի տնակ կա, քանիսում են մարդիկ բնակվում, ինչ պայմաններում են մինչև հիմա ապրում այդ ընտանիքները, և զուգահեռ իրականացնում միջոցների հայթայթման ծրագրեր»:

«Արժանապատվության հարց է, որ երկրաշարժի 30-րդ տարելիցին Գյումրիում տնակներում ապրողներ դեռ լինեն», - նշեց Ղարիբ Հարությունյանը՝ հավելելով, որ հիմա նախաձեռնում են համահայկական հեռուստամարաթոն անցկացնել հենց դեկտեմբերի 7-ին․ - «Մենք նախաձեռնել ենք և այս տարի դեկտեմբերի 7-ին պետք է կազմակերպենք համահայկական հեռուստամարաթոն համահայկական հեռարձակում ունեցող հեռուստաընկերություններով: Հեռուստամարաթոնի նպատակը պետք է լինի հնարավորինս մեծ քանակով ընտանիքների ազատել այս պայմաններից: Մենք թիրախային համարում ենք հաջորդ տարին, և համարում ենք, որ յուրաքանչյուր հայ պետք է իր լուման ունենա այս խնդրի լուծմանը»:

Եթե Գյումրիում տնակներում ապրող ընտանիքներին բնակարանների հատկացումը մնա զուտ անհատ բարերարների հույսին, ապա, հաշվի առնելով, որ մեկ տարվա ընթացքում 22 բնակարան է ձեռք բերվել, Գյումրին տնակներից ազատելու համար կպահանջվեն տասնամյակներ:

Իսկ պետությունը Գյումրիում վերջին 69 բնակարանի գնման վկայագիր տրամադրելով անօթևան ընտանքիներին բնակարանով ապահովելու հարցը փակված է համարում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG