Մատչելիության հղումներ

Անկարան քննադատում է Մերկելին


Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիք, արխիվ
Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիք, արխիվ

Անկարան քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, ով դեմ է ԵՄ-Թուրքիա մաքսային համաձայնագրի ընդարձակմանը:

Նախօրեին Մերկելն ասել է, թե անհնարին է համարում մաքսային միության ընդարձակումը և ընդհանրապես Եվրամիության ու Թուրքիայի միջև կապերի խորացումը, քանի որ Թուրքիայում բռնաճնշումներ են իրականացվում, որոնք վիճարկելիորեն կապվում են հեղաշրջման փորձի հետ: Չորեքշաբթի օրը գերմանացի երիտասարդ վիդեոբլոգերներին YouTube-ով տված հարցազրույցում կանցլեր Մերկելն հայտարարել է, թե Եվրամիությունը չի բանակցի Թուրքիայի հետ մաքսային համաձայնագիրը արդիականացնելու համար:

Լրատվամիջոցները նշում են, որ Մերկելը այս հայտարարությամբ հանդես եկավ Գերմանիայում կայանալիք հիմնական ընտրություններից մեկ ամիս առաջ:

Եվրամիությունն ու Թուրքիան մաքսային համաձայնագիր ունեն 1995 թվականից, բայց այն վերաբերում է միայն արդյունաբերական ապրանքներին, գյուղատնտեսական ապրանքները, ծառայությունները, պետական գնումները դրա մեջ չեն մտնում: Անցյալ տարի Եվրահանձնաժողովը հայտնեց, որ դիմել է Եվրոպայի խորհրդին՝ Թուրքիայի հետ մաքսային համաձայնագիրը արդիականացնելու նպատակով բանակցություններ վարելու մանդատ ստանալու խնդրանքով:

Մաքսային համաձայնագրի արդիականացումը, ընդարձակումը կարևոր նշանակություն ունի Թուրքիայի կառավարության համար, բայց Գերմանիայի կանցլերը դեմ է դրան:

Այսօր Թուրքիայի կառավարությունում Եվրամիության հարցերով նախարար Օմեր Չելիքը ցավալի է համարել Մերկելի հայտարարությունը: Նա քննադատել է Մերկելին, ասելով, թե Գերմանիան չի կարող իր հրամանները թելադրել ամբողջ Եվրամիությանը: Չելիքի խոսքով՝ իրավիճակը վտանգավոր է, հնչում են Եվրամիության հեղինակությանը վնասող հայտարարություններ:

Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով նախարար Ալան Դունկանի հետ Թուրքիայում կայացած մամուլի համատեղ ասուլիսում Օմեր Չելիքը ասել է, թե չի կարելի Գերմանիայի ու Թուրքիայի երկկողմ խնդիրները տարածել ամբողջ Եվրամիության վրա: Նրա խոսքով՝ Թուրքիայի հետ մաքսային փոխշահավետ միությունից հրաժարվելը կթուլացնի Եվրամիությունը:

«Մաքսային միության ընդարձակումը Թուրքիային ասես նվեր է ներկայացվում, բայց մենք ցանկանում ենք շարժվել փոխշահավետ սկզբունքներով: Դա ազատ առևտրի ծավալները մեծացնելու հարց է», - ասել է Օմեր Չելիքը:

Նա Բեռլինին կոչ է արել Թուրքիային հանձնել հեղաշրջման կազմակերպման մեջ կասկածվող թուրք մտավորական Ադիլ Օքսուզին, ով, ըստ որոշ տեղեկությունների, գտնվում է Գերմանիայում: Թուրքական մամուլը գրել է, որ Բադեն-Վյուրթեմբերգի երկրամասի իշխանությունները նրան ժամանակավոր կեցության թույլտվություն են տվել:

Թուրքիայի իշխանությունները համալսարանական դասախոս Ադիլ Օքսուզին համարում են անցյալ տարվա հեղաշրջման փորձի կազմակերպիչներից մեկը: «Ցավալի է, երբ դաշնակիցը թաքցնում է պետական հեղաշրջման հետ հստակ կապեր ունեցող որևէ մեկին», - ասել է Օմեր Չելիքը:

Թուրքիայում իրականացվող բռնաճնշումների հետևանքով տուժել են նաև Գերմանիայի քաղաքացիներ: Ըստ թուրքական Anadolu լրատվական գործակալության՝ Թուրքիայում վերջերս ձերբակալվել են Գերմանիայի առնվազն 10 քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրող և իրավապաշտպան ակտիվիստ, ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու մեղադրանքներով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG