Մատչելիության հղումներ

Քաղավիացիայի վարչության պետը տոմսերի թանկացումը պայմանավորում է զբոսաշրջային սեզոնով


Երևան - Մոսկվա ավիատոմսերը կրկնակի, որոշ դեպքերում էլ գրեթե եռակի թանկացել են: Մինչև օգոստոսի վերջը Երևան-Մոսկվա և հակառակ ուղղությամբ տոմսերի գինը սկսվում է 110 հազար դրամից:

ՀՀ քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը տոմսերի թանկացումը պայմանավորում է զբոսաշրջային սեզոնով։

Պաշտոնյայի խոսքով՝ Հայաստան եկողների թիվը վերջին յոթ ամիսների կտրվածքով 30 տոկոսով ավելացել է։ Հատկապես վերջին ամսվա ընթացքում դեպի Հայաստան չնախատեսված պահանջարկի ավելացում է եղել, ինչի հետևանքով ավիաշուկայում նման իրավիճակ է ստեղծվել․ - «Ուղղություններ կան, որտեղ որ նույնիսկ կարող է ավելի շատ բարձրացած լինի: Դա խոսում է այն բանի մասին, որ ամեն ավիաընկերություն, երբ որ սկսում է վաճառել տոմսեր, սկսում է վաճառել էժանից և բարձրացնում է մինչև ամենաթանկ՝ «բիզնես կլասի» տոմսերը: Կան դեպքեր, երբ ավիաընկերությունները առհասարակ չունեն նույնիսկ «բիզնես կլասում» տոմս, կան դեպքեր, որ մնացել են միայն «բիզնես կլասում» տոմսերը: Այդ պատճառով մենք փորձում ենք ամեն ինչ անել ավիաընկերությունների հետ միասին, որպեսզի ավելացնենք նստատեղերի քանակը, կամ ավելացնենք հավելյալ չվերթներ»:

Հարցին, թե արդյոք բաց երկնքի քաղաքականությունը չէր նախատեսում ավիատոմսերի էժանացում, պաշտոնյան պատասխանեց, որ հենց այդ քաղաքականության հետևանքով Հայաստանը միջազգային ավիաքարտեզի վրա ամրացրել է դիրքերը, և արդյունքում պահանջարկը գերազանցել է առաջարկը․ - «Պիկային սեզոնի ամենաբարձր պահանջված ժամանակաշրջանն է սա»:

Քաղավիացիայի վարչության պետը նաև տեղեկացրեց, որ այս պահին աշխատանքներ են տարվում չվերթների ավելացման ուղղությամբ․ - «Մենք անընդհատ կապի մեջ ենք: Եվ նույնիսկ այսօր ես սպասում եմ որոշ արձագանքների հավելյալ չվերթների իմաստով: Պետք է բոլորս հասկանանք, որ չվերթ ավելացնելու դեպքում տվյալ ավիաընկերությունը պետք է ունենա ազատ օդանավ, կամ եթե չունի ազատ օդանավ, պետք է որևէ այլ ուղղությունից այդ օդանավը հանի և տեղափոխի երևանյան ուղղության վրա»:

Ինչ վերաբերում է Գյումրիի օդանավակայանից «Պոբեդա» ավիաընկերության էժան՝ 7000 դրամ արժողությամբ տոմսերին, Սերգեյ Ավետիսյանը վստահեցրեց, որ դրանք կան․ - «Էժան տոմսերը, ոչ միայն «Պոբեդայի», այլ առհասարակ բոլոր ավիաընկերությունների տոմսերը սպառվում են միանգամից: Ինչ վերաբերում է «Պոբեդայի» 7500 դրամանոց տոմսերին, դրանք սպառվում են րոպեների ընթացքում»:

Տուրիստական ընկերություններից «Ազատությանը» փոխանցեցին, որ բացի Երևան - Մոսկվա ուղьությունից, թանկացել են նաև Երևանից Սոչի, Պեկին ավիատոմսերը։ Եվ չնայած ուղևորափոխադրումները դեպի Պեկին առանձնապես չեն ավելացել, տոմսերի գինը 260 հազար դրամից դարձել է 400 հազար դրամ։

«Աշնան ընթացքում ես պլանավորել եմ այց կատարեմ Չինաստան և հանդիպեմ իրենց ավիացիոն իշխանությունների հետ, հնարավորության դեպքում ստորագրենք նոր միջպետական համաձայնագիր: Ինչպես նաև հանդիպում ունենամ չինական ավիաընկերությունների ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկենք Հայաստան - Չինաստան չվերթի հնարավոր իրականացումը», - հավելեց Ավետիսյանը:

«Անրի թրավըլ» տուրիստական ընկերության տնօրեն Նանե Մանուկյանի խոսքով՝ հայ զբոսաշրջիկների համար շարունակում է մատչելի մնալ Թբիլիսիի օդանավակայանից տարբեր ուղղություններով մեկնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG