Մատչելիության հղումներ

Բնապահպանության նախարարությունը հորդորում է չվնասել հրդեհներից փախած կենդանիներին


Հրդեհը Խոսրովի անտառում, 12-ը օգոստոսի, 2017թ․
Հրդեհը Խոսրովի անտառում, 12-ը օգոստոսի, 2017թ․

Օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ» պետական արգելոցի, ինչպես նաև՝ մինչ այդ Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի հարակից տարածքներում բռնկված հրդեհների պատճառով տեղի վայրի կենդանիները և թռչունները տեղափոխվել են հարակից անվտանգ շրջաններ, հաղորդում է Հայաստանի բնապահպանության նախարարությունը:

Գերատեսչությունը կոչով դիմում է երկրի բնակչությանը` ցուցաբերել զգոնություն և զգուշություն, ու հորդորում չվնասել աղետի պատճառով անվտանգ վայրեր ու թաքստոցներ փնտրող կենդանիներին, իսկ որսորդներին` օգոստոսի 26-ից սկսվող սիրողական որսաշրջանի ժամանակ զերծ մնալ Արարատի, Կոտայքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի մարզերի որսահանդակների բարձրադիր գոտիներում որս իրականացնելուց:

Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նաև հանձնարարել է Բնապահպանական պետական տեսչությանը ուժեղացված հսկողություն սահմանել վերոհիշյալ շրջաններում՝ ուշադրության կենտրոնում պահելով Կարմիր գրքում գրանցված կենդանիներին, ասված է հաղորդագրությունում:

«Կոչ ենք անում խստորեն պահպանել նշված պահանջները և մեզ փոխանցել կենդանիների շարժի հետ կապված ձեր ունեցած հավաստի տեղեկատվությունը», - ասված է բնապահպանության նախարարության հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG