Թուրքմենական բանտում մահացել է հանգուցյալ նախագահ Սափարմուրադ Նիյազովի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Ակմուրատ Ռեջեբովը, ով հայտնի էր «Գորշ կարդինալ» մականունով:
Նա մահացել է օգոստոսի 10-ին՝ պոկված տրոմբից գոյացած անոթի խցանման հետևանքով, նրա դին նույն օրը փոխանցել են ազգականներին, ովքեր այսօր հուղարկավորել են Ռեջեբովին:
Ռեջեբովը համարվում էր Նիյազովի մտերիմ դաշնակիցը: Գեներալ-լեյտենանտ Ռեջեբովը ստանձնել է նրա թիկնազորի ղեկավարի պաշտոնը 1985 թվականին, երբ Նիյազովն ընտրվել է խորհրդային Թուրքմենստանի ղեկավար: Նիյազովը, ով հայտնի էր որպես «Թուրքմենբաշի», մահացել է 2006 թվականի դեկտեմբերին:
Ռեջեբովը նաև առանցքային դեր է կատարել ներկայիս նախագահ Գուրբանգուլի Բերդիմուխամեդովի իշխանությունն ապահովելու գործում, սակայն հենց նրա հրամանով 2007 թվականի մայիսին պաշտոնանկ է արվել: «Գորշ կարդինալին» 2007 թվականի հուլիսին կոռուպցիայի մեղադրանքով դատապարտել են 17 տարվա ազատազրկման:
Թուրքմենստանի իշխանությունը երբեք պաշտոնապես չի հայտնել, թե որ բանտում է պահում Ռեջեբովին: Ենթադրվում է, որ նա պատիժը կրել է անապատում գտնվող «Օվադան-Դեպե» անվամբ բանտում: