Մատչելիության հղումներ

Դանֆորդ. «Թրամփը կարգադրել է մշակել հուսալի ռազմական տարբերակներ»


ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ Ջոզեֆ Դանֆորդը բանակցում է չինացի բարձրաստիճան զինվորականների հետ, Պեկին, 17-ը օգոստոսի, 2017թ.

ԱՄՆ զինված ուժերի շտաբերի միացյալ կոմիտեի նախագահ, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդն ասել է, որ Հյուսիսային Կորեայի հրթիռների սպառնալիքի ռազմական կարգավորումը սարսափելի կլինի, բայց է՛լ ավելի անհնարին կլինի պատկերացնել մի վիճակ, երբ Փհենյանին կտրվի Միացյալ Նահանգներին միջուկային հարված հասցնելու հնարավորություն:

Դանֆորդն այսօր Պեկինում ասել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը «բանակին կարգադրել է մշակել հուսալի և կենսունակ ռազմական տարբերակներ», ինչն էլ հիմա անում է:

«Ինչպես ասել եմ պաշտոնակիցներիս՝ գործընկեր, թե հակառակորդ, մենք չենք կարող բացառել Հյուսիսային Կորեայի միջուկային կարողություններին ռազմական տարբերակով արձագանքելու հավանականությունը», - նշել է Դանֆորդը:

«Այն, ինչ բացարձակապես չեմ կարող պատկերացնել, դա, օրինակ, Կոլորադոյի նահանգանիստ Դենվերը միջուկային հարվածի ենթարկելու Հյուսիսային Կորեային տրված հնարավորությունն է, ուստի իմ պարտքն է մշակել ռազմական տարբերակներ և երաշխավորել, որ նման բան չլինի», - ասել է ծովային հետևակի գեներալը:

Դանֆորդն այդ մեկնաբանությամբ արձագանքել է լրագրողների հարցին, որը վերաբերում էր նախագահ Թրամփի ավագ ռազմագետ Սթիվ Բանոնի հարցազրույցին:

Բանոնը երեկ ասել է, թե Հյուսիսային Կորեայի միջուկային ոտնձգությունների ռազմական լուծում չկա: Այդ տեսակետը հակասում է նախագահի այն հայտարարությանը, որ ագրեսիայի դեպքում «Փհենյանը կկանգնի աննախադեպ կրակի և ցասումի առաջ»:

Time հանդեսի փոխանցմամբ, Բանոնն ասել է. - «Չկա՛ ռազմական լուծում, մոռացե՛ք դա: Քանի դեռ որևէ մեկը չի ապացուցի, որ պատերազմի առաջին 30 րոպեում սովորական զենքից Սեուլում 10 միլիոն մարդ չի զոհվի՝ ռազմական տարբերակ չի լինի, նրանք [հյուսիսկորեացիները] մեզ բռնել են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG