Սերբիան քաղաքացիություն է առաջարկել աֆղանստանցի փախստականների ընտանիքին, որի անդամներից է տասնամյա Ֆարհադ Նուրին, ով տպավորիչ կտավներ է հեղինակում և հայտնի է որպես «Փոքրիկ Պիկասո»:
Քաղաքացիության առաջարկն ընտանիքին երեկ ներկայացրել է անձամբ նախագահ Ալեքսանդր Վուչիչը, ով Բելգրադում հանդիպել է Ֆարհադ Նուրիին և նրա ընտանիքի անդամներին:
Նախագահը նաև խոստացել է երեխայի նկարչական տաղանդը զարգացնելու համար կրթաթոշակ տրամադրել, ինչպես նաև աշխատանք ապահովել նրա հոր համար:
Ընտանիքի արձագանքը դեռ հայտնի չէ: Այդ ընտանիքը 8 ամիս շարունակ բնակվում է Բելգրադի արվարձանում գտնվող փախստականների վրանաշեն ավանում:
Երեխան աստղ է դարձել այն բանից հետո, երբ հանրությունը տեսել է նրա հեղինակած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, սյուրռեալիզմի հանճար Սալվադոր Դալիի դիմանկարները և այլ ստեղծագործությունները:
Անցած շաբաթ Բելգրադում կազմակերպվել է Ֆարհադ Նուրիի գեղարվեստական կտավների և լուսանկարների ցուցահանդես-վաճառքը, որից ստացված եկամուտը տրամադրվել է Սերբիայում գլխուղեղի քաղցկեղով տառապող մի երեխայի բուժման համար: