Մատչելիության հղումներ

Մոտ 30 տարի հնամաշ տնակներում ապրող վանաձորցիները նոր բնակարան, կամ գոնե եղածի բարելավում են պահանջում


Տեսարան Վանաձորի «Սանկտ Պետերբուրգ» թաղամասից, 16-ը օգոստոսի, 2017 թ․

Վանաձորի «Սանկտ Պետերբուրգ» տնակային ավանում ապրող բնակիչները հիասթափված են իշխանություններից: Արդեն շուրջ երեք տասնամյակ ժամանակավոր տնակներում բնակվող մարդիկ ասում են, թե միայն «ընտրությունից ընտրություն» են խոստումներ լսում:

«Եթե ընտրություններ են լինում, գալիս են ասում են՝ ընտրեք, ձեզ համար ինչ-որ պայմաններ կստեղծենք, սենց կանենք, նենց կանենք: Ընտրվում են պրծնում, գնում են ու մոռանում»,- դժգոհում են հնամաշ տնակների բնակիչները, պնդելով, թե բացարձակ անուշադրության են մատնված: Հասմիկ Հակոբյանի կարծիքով, բարձրաստիճան պաշտոնյաներն անգամ տեղյակ չեն իրենց վիճակի մասին․ «Ինձ թվում ա՝ մեր կառավարությունը, նախագահը երևի չգիտի էլ, որ Վանաձորում սենց տնակային ավան կա»:

Շուրջ 30 տարի ժամանակավոր կոչված կացարաննորում ապրող այս մարդիկ արդեն հոգնել են սպասելուց և հուսալքվել են: Փորձել են գոնե իրենց ուժերով վերանորոգել տնակները, ինչ-որ հարմարություններ ստեղծել: «Սկզբնական շրջանում ասեցին՝ երկու տարի ընդամենը սպասեք, հետո կապահովենք․․․սպասեցինք, ոչ մի արդյունք չեղավ»,- դժգոհում են վանաձորցիները:

Պարտքերի ու վարկերի բեռի տակ կքած բնակիչները ծանր սոցիալական պայմաններում են ապրում, ապահով ապագայի մասին էլ միայն երազում են: Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության, բնակֆոնդի և համատիրությունները համակարգող բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պառավյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե այս պահին գործող որևէ ծրագիր չկա, իսկ միայն քաղաքապետարանը չի կարող խնդիրն ամբողջությամբ լուծել:

«Ցանկալի է, որ տնակներից ազատվի քաղաքը, մարդիկ բնակարաններ ստանան, բայց համայնքային բյուջեն հնարավորություն չունի, բնակարանաշինության կամ նոր շենքերի կառուցման ծրագիր տեղական բյուջեով հնարավոր չէ իրականացնել»,- ասաց Պառավյանը: «Սանկտ Պետերբուրգ» տնակային ավանում 153 անօթևան ընտանիք է ապրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG