Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է անցած տարվա սեպտեմբերին Էջմիածնում հնչած կրակոցների գործով դատավարությունը։
Այս պահին հարցաքննվում են ամբաստանյալները։ Տուժող Ստեփան Աբգարյանի փաստաբան Միհրան Պողոսյանը դատարանի քարտուղարին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց՝ պնդելով, որ նա անաչառ չէ` ամբաստանյալների կողմնակիցն է։
Փաստաբանը նշեց, որ նախորդ դատական նիստի ձայնագրությունը քարտուղարը կիսատ է կատարել և դրանով կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել։
Հիշեցնենք՝ Էջմիածնում քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին, կեսգիշերին մոտ կրակոցներ էին հնչել: Միջադեպի մասնակիցներն էին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին ու քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ։
Ամբաստանյալների աթոռին հայտնված Կարեն Գրիգորյանի թիմակիցները պնդում են, որ մեղավոր չեն, այլ հակառակը՝ իրենք են ծեծի ենթարկվել։ Ավելին՝ Կարեն Գրիգորյանը «Ազատությանը» ասել էր, թե մահափորձի է ենթարկվել, նախաքննական մարմինը, սակայն, այս պնդումը հերքել է։
Մանրամասներն՝ ավելի ուշ