Մատչելիության հղումներ

Արևմտյան տնտեսագետները «աղետալի» են որակում Ռուսաստանի տնտեսության վիճակը


Ըստ աշխատության, օֆշորային հաշիվներում ռուսաստանցի օլիգարխների կուտակած գումարը կազմում է ՌԴ տնտեսության տարեկան եկամտի շուրջ 75 տոկոսը կամ բոլոր ռուսաստանցիների ակտիվների 75 տոկոսը։

Ֆրանսիացի հայտնի տնտեսագետ Թոմաս Պիկետին ուսումնասիրել է Ռուսաստանի տնտեսությունը՝ այն դիտարկելով առավելապես հասարակության բևեռացվածության տեսանկյունից։ Տնտեսագետի «Սովետներից մինչև օլիգարխներ․ Սեփականությունն ու անհավասարությունը Ռուսաստանում 1905-2016 թվականներին» վերնագրով հոդվածը հրապարակել է Բերկլիի համալսարանի պրոֆեսոր Գաբրիել Զուցմանը, ով նաև աշխատության համահեղինակն է։

Bloomberg-ի փորձագետ Լեոնիդ Բերշիդսկու կարծիքով, հոդվածի առավել հետաքրքիր մասը վերջին տասնամյակին վերաբերող ուսումնասիրությունն է։ Պիկետին և նրա գործընկերները համարում են, որ Ռուսաստանում կոռուպցիայի և անհավասարության իրական չափերն ավելի մեծ են, քան ընդունված է կարծել։ Արևմտյան տնտեսագետները հատուկ ուշադրություն են հրավիրում այդ երկրից կապիտալի արտահոսքի վիթխարի ծավալների վրա։

Ըստ հիշյալ աշխատության, օֆշորային հաշիվներում ռուսաստանցի օլիգարխների կուտակած գումարը կազմում է ՌԴ տնտեսության տարեկան եկամտի շուրջ 75 տոկոսը կամ բոլոր ռուսաստանցիների ակտիվների 75 տոկոսը։ Պիկետին նկատում է, որ այդ իրողությունն այնքան էլ չի մտահոգում Ռուսաստանի իշխանություններին։ «Նման անհավասարությունն ընդունելի է իշխանությունների համար, քանի դեռ միլիարդատերերն ու օլիգարխները լոյալ են պետության հանդեպ»,- գրում են արևմտյան տնտեսագետները։

Հոդվածում այլ ուշագրավ ցուցանիշներ էլ են վկայաբերվում: Այսպես․ ռուսաստանցիների ընդամենը 1 տոկոսին է պատկանում ողջ բնակչության եկամտի շուրջ մեկ հինգերորդը։ Սրա հետ մեկտեղ՝ ռուսաստանցիների ամենահարուստ հատվածի 10 տոկոսին է պատկանում ռուսաստանյան ողջ ակտիվների շուրջ 75 տոկոսը։ «Սրանք տնտեսության աղետալի վիճակը բնորոշող ցուցանիշներ են»,- ընդգծում են հոդվածագիրները։

Այս ամենի համատեքստում, Bloomberg-ի փորձագետը կարծիք է հայտնում, որ Արևմուտքն ավելի արդյունավետ միջոցներ ունի պուտինյան Ռուսաստանի դեմ պայքարի հարցում։ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ սահմանելով՝ արևմտյան երկրները գրեթե ուշադրություն չեն դարձնում ռուսաստանցիների օֆշորային հաշիվների վրա, մինչդեռ՝ իրավիճակը կտրականապես կփոխվի, երբ Արևմուտքն ուսումնասիրի այդ հաշիվներն ու առգրավի դրանք՝ հետպուտինյան ժողովրդավարական Ռուսաստանին փոխանցելու համար, նշում է Bloomberg-ի վերլուծաբանը։

Ըստ նրա, բարդությունն այն է, որ այդ [օֆշորային] հաշիվներն ուսումնասիրելու համար «շատ լուրջ աշխատանք է պետք, և հնարավոր է, որ այդ աշխատանքի արդյունքում արևմտյան բիզնեսի և քաղաքականության համար ոչ հարմարավետ բացահայտումներ լինեն»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG