Մատչելիության հղումներ

Պետությունը տեխնիկապես պատրաստ չէր նման մասշտաբի հրդեհի. բնապահպան


Ըստ Գալստյանի, հրդեհաշիջման գործում կազմակերպվածության պակասից բացի նաև ռեսուրսների պակաս կար։

«Համահայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի համոզմամբ, Խոսրովի անտառում օգոստոսի 12-ին բռնկված հրդեհը բնական աղետ է, որի հետևանքները տվյալ տարածաշրջանի համար վերածվել են էկոլոգիական աղետի։

Բնապահպանի պնդմամբ, պետությունը տեխնիկապես պատրաստ չէր նման մասշտաբի հրդեհի, ֆորսմաժորային վիճակի։

«Դա իրականում այդ տարածաշրջանի համար էկոլոգիական աղետ է։ Նախորդ երկու օրվա ընթացքում մեզ մոտ լուրջ կասկածներ առաջացան, որ ինչ-որ բան հստակ չի տեղեկացվում հանրությանը, մենք Արտակարգ իրավիճակների նախարարություն նույնպես դիմեցինք, որպեսզի հասկանանք՝ արդյո՞ք չկա կարիք կամավորների մոբիլիզացիա իրականացնելու, այլ ուժեր ներգրավելու, որոնք կկարողանան իրենց ներկայությամբ և մասնակցությամբ ավելի էֆեկտիվ պայքարել հրդեհի օջախների դեմ։ Ստացանք պատասխանը, որ ոչ մի կարիք չկա: Հետո մենք տարբեր աղբյուրներից տեղեկացանք, որ խնդիրը շատ լուրջ է, և հրդեհի ծավալները շատ ավելի մեծ են, քան ներկայացվում են, կամ չեն ներկայացնում ոչ մի բան։ Արդեն այդ առավոտյան երկու ժամվա ընթացքում, երբ որ 6։30-ից մոտավորապես մինչև 8։30 կարգավորվում էր այն հարցը, թե որ խմբերն ուր են գնալու, այսինքն՝ ԱԻՆ-ը՝ ոնց, մյուսը՝ ոնց, արգելոցի աշխատակիցները՝ ոնց, զինվորները՝ ոնց, արդեն ակնհայտ դարձավ, որ կազմակերպվածության շատ լուրջ խնդիր կա, որովհետև այդ գործընթացը տևեց մոտավորապես երկու ժամ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գալստյանը։

Բնապահպանը նշեց, որ կազմակերպվածության պակասից բացի նաև մարդկային ռեսուրսի, տեխնիկական միջոցների լուրջ պակաս կար։

«Ես ներկա եմ եղել, ու մեր բոլոր հինգ մասնակիցները նույն կարծիքին էին, որովհետև մոտավորապես մի երկու ժամ հետո ստացվեց այդպիսի վիճակ, որ արդեն ջրի հասնելը հնարավոր չէր ապահովել՝ ո՛չ խմելու, ո՛չ էլ հրդեհը հանգցնելու, և ուղղակի ով էլ որ կար այդ հատվածում, ուղղակի մարդիկ պարապուրդի էին մատնված, ոչ մի գործողություն չէին անում, ուղղակի նստած սպասում էին, թե ինչ-որ մեկը ինչ-որ մի տեղից ջուր կբերի, կհասցնի մեքենայով, հետո այդ ջրերը զինվորները մի կերպ շալակելով կբերեն, կհասցնեն իրենց, և այլն։ Պետությունը տեխնիկապես պատրաստ չէր նման մասշտաբի հրդեհի կամ այլ ֆորսմաժորային վիճակի, նաև պատրաստ չէր իր հմտություններով նույնպես, որը պետք է ցուցադրեր այդ գործընթացի ընթացքում, այսինքն՝ կազմակերպչական, մասնագիտական, պլանավորման, իրազեկման, ինչու չէ՝ կամավորների ներգրավման։ Ես համոզված եմ, որ եթե առաջին, երկրորդ օրը նույնիսկ եթե ինքնաթիռ չէին կանչում, կամ խնդիրներ կար՝ ասում էին բանակցություններ էին վարում, հասկանային, որ վիճակը լուրջ է և նույնիսկ լրջագույն վտանգ է արդեն սպառնում Խոսրովի արգելոցին, պետք էր ավելի մոբիլ ինչ-որ գործողությունների մեթոդներ մշակել», - ասաց Գալստյանը։

Նշենք՝ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնեց, որ Խոսրովի արգելոցում հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կիլոմետր պարագծով հրդեհից 13.5 կիլոմետր պարագիծը մեկուսացվել և մարվել է, ներկա պահին աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կիլոմետր պարագիծը մարելու ուղղությամբ:

Ըստ ԱԻՆ-ի՝ Ռուսաստանի ԱԻՆ «ԻԼ-76» հրդեհաշիջող ինքնաթիռը շարունակում է մարման աշխատանքները։

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԻՆ «ԻԼ-76» ինքնաթիռը Հայաստան է ժամանել երկուշաբթի երեկոյան և երեկ վեց հրդեհաշիջող թռիչք է իրականացրել: Ըստ նախնական պլանավորվածության, այն պետք է 2 թռիչք և 2 ջրալցում իրականացներ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG