«Թուրքիայի հանդեպ կիրառվող տնտեսական ճնշումն արդյունավետ է», - երեքշաբթի օրը Kölner Stadt-Anzeiger թերթին տված հարցազրույցում ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը։
Նրա խոսքով՝ վերջին մի քանի շաբաթներին պաշտոնական Բեռլինի կողմից գործադրված կոշտ միջոցներն ի վերջո ստիպել են Թուրքիայի իշխանություններին որոշակիորեն մեղմել դիրքորոշումը:
Հուլիսի 20-ին, հիշեցնենք, հենց Զիգմար Գաբրիելն էր, որ հայտարարեց Թուրքիայի հանդեպ Գերմանիայի քաղաքականության կտրուկ փոփոխության մասին:
Բեռլինի և Անկարայի հարաբերություններում առկա հակասությունների գագաթնակետը դարձավ գերմանացի իրավապաշտպան Պիտեր Շտոյդների ձերբակալությունը թուրքական ոստիկանության կողմից:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարի խոսքով՝ վերջին շաբաթներին ամենադրամատիկ իրադարձությունները ծավալվեցին երկկողմ տնտեսական հարաբերությունների ոլորտում:
«Երբ Անկարան մեզ ներկայացրեց 680 գերմանական ընկերություններից կազմված մի ցանկ, որոնք իբր ներգրավված էին Թուրքիայում իրականացված հեղաշրջման փորձի նախապատրաստման մեջ, մենք հանդես եկանք նախազգուշացմամբ` կոչ անելով գերմանական ընկերություններին լավ մտածել Թուրքիայում ներդրումներ անելուց առաջ: Դա բավական լուրջ մի բանավեճի հանգեցրեց թուրքական հասարակության ներսում, և նախագահ Էրդողանը ի վերջո ստիպված էր նահանջել` հայտարարելով, թե տեղի ունեցածը թյուրիմացություն էր», - Kölner Stadt-Anzeiger-ին տված հարցազրույցում նշում էր Գերմանիայի արտաքին գործերի նախարարը:
Նրա խոսքով՝ թուրքական դիրքորոշման մեղմացման վրա որոշակի ազդեցություն է ունեցել նաև պաշտոնական Բեռլինի մեկ այլ նախազգուշացումը, որի համաձայն՝ Թուրքիա ուղևորվելը Գերմանիայի քաղաքացիների համար այնքան էլ անվտանգ չէ:
«Մեր այդ նախազգուշացումն իհարկե բացասական ազդեցություն ունեցավ մարդկանց համար, որոնց շահերին հարվածելու ցանկություն մենք չունեինք` խոսքը փոքր հյուրանոցների և ռեստորանների տերերի, մատուցողների մասին է: Դրանք այն մարդիկ են, ում հաճախորդները հիմնականում եվրոպացիներ են` մասնավորաբար գերմանացիներ», - հայտարարում էր Զիգմար Գաբրիելը` անուղղակիորեն հաստատելով, որ վերջին շաբաթներին Թուրքիա մեկնող գերմանացի զբոսաշրջիկների թիվը կրճատվել է: Դրա հետ մեկտեղ, Զիգմար Գաբրիելը համոզված է` Թուրքիայի հանդեպ դիրքորոշման կոշտացումը լիովին արդարացված էր:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել մեր քաղաքացիներին: Մենք չենք կարող թույլ տալ, որ Էրդողանը պարզապես ձերբակալի Գերմանիայի քաղաքացիներին», - հայտարարում էր Զիգմար Գաբրիելը: