Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ՌԴ դիվանագիտական «փոխհրաձգությունը» կարող է շարունակվել


Ռեքս Թիլերսոնը և Սերգեյ Լավրովը բանակցությունների սեղանի շուրջ, Մանիլա, 6-ը օգոստոսի, 2017թ.
Ռեքս Թիլերսոնը և Սերգեյ Լավրովը բանակցությունների սեղանի շուրջ, Մանիլա, 6-ը օգոստոսի, 2017թ.

Այժմ որոշում ընդունելու ամերիկացիների հերթն է:

Օգոստոսի 7-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն ասել է, որ մինչև սեպտեմբերի 1-ը Վաշինգտոնը կկազմի և կհրապարակի պատասխանը Ռուսաստանի սահմանած պատժամիջոցներին:

Հուլիսի 28-ին է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել, որ ամերիկացիները կրճատեն դիվանագիտական կորպուսի աշխատակիցների թիվը և արգելել է օգտագործել Սերեբրյանի Բոր բնակավայրում գտնվող հանգստյան տունն ու Դորոժնայա փողոցում գտնվող պահեստը:

Ավելի ուշ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, թե Ռուսաստանի տարածքից կհեռանա 755 դիվանագետ:

Կոնֆլիկտը սկսվել է դեռ անցած տարեվերջին, երբ նախագահ Բարաք Օբաման կարգադրել է Միացյալ Նահանգներից արտաքսել ռուսաստանցի 35 դիվանագետների և նրանց ընտանիքների անդամներին, ինչպես նաև արգելել է ռուսներին օգտագործել Նյու Յորքի հյուպատոսարանի և Վաշինգտոնի դեսպանատան աշխատակիցների համար հատկացված հանգստյան տները:

Այդ որոշումն Օբաման պատճառաբանել է ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության հանգամանքով:

Այն ժամանակ նախագահ Պուտինը պատասխան միջոցների չի դիմել, ինչի մասին գովեստով է խոսել նախագահության հանրապետական թեկնածու Թրամփը:

Բայց հետագայում երկու երկրների հարաբերությունները չեն բարելավվել, և երբ պարզ է դարձել, որ նախագահ Թրամփը ստիպված կլինի ստորագրել Կոնգրեսի կազմած հակառուսական նոր պատժամիջոցները՝ Մոսկվան ընդունել է այդ աննախադեպ մեծ թվով դիվանագետների արտաքսելու որոշումը:

Մոտ 20 օր է մնում մինչև սեպտեմբեր: Հավանաբար, առաջիկայում Վաշինգտոնը կհաղորդի իր պատասխանի մասին: Մինչդեռ, Պետական դումայում արդեն նախազգուշացնում են, որ Մոսկվան կպատասխանի ամերիկյան նոր որոշումներին:

Դումայի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ Վաշինգտոնի ընդունելիք միջոցներն էլ ավելի կսրեն Ռուսաստանի և Ամերիկայի առճակատումը:

Ինչ քայլերի կարող է դիմել Վաշինգտոնը: «Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ, ամերիկացիները կարող են սահմանափակել Միացյալ Նահանգների տարածքում ռուսաստանցի դիվանագետների տեղաշարժի հնարավորությունը:

Այսօրվա դրությամբ ռուսական դիվանագիտական առաքելությունների աշխատակիցները կարող են ազատորեն տեղաշարժվել մինչև 40 կիլոմետր շառավիղով, նոր պատժամիջոցը այդ տարածքը կիջեցնի մինչև 24 կիլոմետր և կտարածվի ոչ միայն կրտսեր կամ միջին, այլև ավագ դասի դիվանագետների վրա:

Ամերիկացիների պատասխանի մեկ այլ տարբերակի մասին է հաղորդել «Կոմերսանտ» պարբերականը: Ռուսաստանն Ամերիկայում ունի չորս հյուպատոսարան՝ Նյու Յորքում, Սան Ֆրանցիսկոյում, Սիեթլում և Հյուսթոնում: Ըստ «Կոմերսանտի», ամերիկացիները կարող են փակել դրանցից մեկը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG