Մատչելիության հղումներ

Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալներով, 2011 թվականի հուլիսի 1-ի դրությամբ, մարզի բնակչության թիվը 281 հազար էր, իսկ 2017-ի հուլիսի 1-ին՝ 220 հազար: Ընդ որում, մարզկենտրոն Վանաձորում մշտական բնակչության թիվը նվազել է շուրջ 25 հազարով:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի կարծիքով, մարդիկ արտագաղթել են, քանի որ գործազուրկ են դարձել երբեմնի արդյունաբերական քաղաքում․ - «Վանաձորը ավանդաբար համարվել է արդյունաբերական քաղաք, և վանաձորցիները հիմնականում ներգրավված են եղել գործարաններում և ինդուստրիայում աշխատելու: Եվ Խորհրդային Միության փլուզումից, երկրաշարժից և այլ օբյեկտիվ հանգամանքներից ելնելով՝ Վանաձորում հիմա չկան այդ գործարանները, և նախկին աշխատողները, նաև վարչական աշխատողները, ինժեներատեխնիկական անձնակազմերը մնացին անգործ հիմնականում: Ու մարդիկ իրենց աշխատանքը փնտրելու համար նաև արտերկիր [մեկնեցին]»:

Հանրապետական կուսակցության անդամ Ասլանյանը, այդուհանդերձ, հավատացած է, որ աշխատատեղեր լինելու դեպքում քաղաքից հեռացած բնակիչներից շատերը կվերադառնան․ - «Մեր շփումներում նաև Ռուսաստանի Դաշնության մեջ և՛ հարազատների, և՛ մտերիմների, ընկերների հետ կարող ենք արձանագրել, որ Վանաձորում եթե մի փոքր տնտեսական աճ, աշխուժություն արձանագրվի, մեր քաղաքացիների գերակշիռ մասը կվերադառնա և իրենց գործունեությունը կծավալի հայրենի քաղաքում: Վստահ եմ, որ մենք նաև արձանագրելու ենք ներգաղթ»:

Վանաձորի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Քրիստ Մարուքյանի համոզմամբ՝ ԱՎԾ-ի տվյալները վկայում են հանրապետության երրորդ քաղաքի նկատմամբ գործող իշխանությունների անուշադրության մասին․ - «Անուշադրությունը և որևէ բան չստեղծելու այդ միտումը մարդկանց ստիպում է այստեղից արտագաղթել, որովհետև որևէ փոփոխություն չեն տեսնում: Ընտրությունների ընթացքում հույս էր առաջացել, որ շատ ռեալ տարբերակ կա փոփոխություններ գրանցելու, որ իր հետ կարող էր բերել նոր միջավայրի ձևավորման, ավելի դրական աուրայի փոփոխության: Բայց, գիտեք, չստացվեց այդ փոփոխությունը»:

Մարուքյանի խոսքով, վերջին տարիների ընթացքում Վանաձորում որևէ զարգացման ծրագիր չի իրականացվել, ինչը, ըստ նրա, տեղական իշխանության վատ կառավարման հետևանքն է․ - «Օրինակ, Դիլիջանը հայտարարվեց բանկային կենտրոն այն դեպքում, երբ որ թե՛ տնտեսական առումով, թե՛ բանկերի քանակի, ներկայացվածության առումով ավելի տրամաբանական էր, որ դա Վանաձորում տեղի ունենար: Բայց էլի ինչ-ինչ պատճառներով, այսինքն տեղից թե՛ ներկայացնելու պակասի, թե՛ վատ ներկայացնելու հետևանքով Վանաձորը որևէ կերպ չի մտնում նման քննարկումների մեջ: Գյումրիի դեպքում, օրինակ, քննարկվում էր Գյումրին մշակութային մայրաքաղաք, ենթադրենք, Դիլիջանը՝ բանկային կենտրոն, բայց էդ արանքում, կոպիտ ասած, ունենալով Վանաձոր, որը երրորդ քաղաքն է բնակչության թվով, մենք որևէ նման նախաձեռնություն չենք տեսնում»:

Մարուքյանը թերահավատ է, թե գործող իշխանության օրոք Վանաձորի ժողովրդագրական պատկերը կփոխվի: Իսկ Մամիկոն Ասլանյանը խոսում է տնտեսության զարգացման մասին, բայց փակագծերը դեռ չի բացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG