«Պատերազմի անմիջական վտանգ չկա, բայց այն մեծ է»
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալթ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական, գեներալ-լեյտենանտ Հերբերթ ՄըքՄասթերը, խոսելով Հյուսիսային Կորեայի հետ առճակատման մասին, երեկ ասել է, որ պատերազմի անմիջական վտանգ չկա, բայց այն ավելի մեծ է, քան տասը տարի առաջ:
Ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հավելել է, որ դիվանագետները պետքարուղար Ռեքս Թիլերսոնի առաջնորդությամբ լուրջ աշխատանք են իրականացնում հնարավոր նոր սադրանքների դիմելուց Կիմ Չեն Ինին հետ պահելու համար:
«Ամերիկայի համբերության բաժակը լցվել է»
Խնդիրը մեկնաբանել է նաև Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Մայք Փոմփեոն՝ ասելով․ - «Հենց այս պահին պատերազմի վտանգ չկա, Հյուսիսային Կորեայի հարձակման անմիջական վտանգ չկա: Ամերիկայի ժողովուրդը պետք է իմանա այդ մասին, վարչակազմն ամեն բան անում է, նախագահը հետախուզության կառույցներին և պաշտպանության նախարարությանը կարգադրել է ամեն կերպ պաշտպանել Ամերիկան այդ վտանգից»:
Նրա փոխանցմամբ՝ Վաշինգթոնը ցանկանում է, որ Փհենյանում գիտակցեն՝ այևս չկա Ամերիկայում այն «ռազմավարական համբերությունը», որից օգտվելով Հյուիսային Կորեան զարգացրել միջուկային զենք ստեղծելու ծրագիրը: «Համբերության բաժակը լցվել է», - ասել է ԿՀՎ-ի ղեկավարը:
«Միջուկային և հրթիռային ծրագիրը՝ սպառնալիք մարդկության համար»
ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, ծովային հետևակի գեներալ Ջոզեֆ Դանֆորդը մեկնել է տարածաշրջան և Սեուլում արդեն հանդիպել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Ջե-ինին ու հարավկորեացի զինվորականներին: Նա հավաստիացրել, որ Ամերիկան ամեն բան կանի այդ երկրի անվտանգությունը երաշխավորելու համար:
ԱՄՆ զինված ուժերի խոսնակ կապիտան Դերիլ Ջեյմսի փոխանցմամբ, գեներալը ասել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային և հրթիռային ծրագիրը «սպառնալիք է ամբողջ մարդկության համար»:
Դանֆորդն ընդգծել է, որ «Ամերիկան պատրաստ է ռազմական բոլոր միջոցներով պաշտպանել թե իրեն և թե դաշնակիցներին»:
«Ինչ էլ պատահի՝ խնդիրը պետք է խաղաղ քայլերով լուծել»
Նախագահ Մունը, իր հերթին, ասել է, որ ԱՄՆ ռազմական տարբերակները կարող են կիրառվել միայն այն դեպքում, եթե սպառվեն դիվանագիտական և տնտեսական միջոցները: Մունի փոխանցմամբ, պետք է ամեն ինչ անել Կորեական թերակղզում նոր պատերազմը կանխելու համար:
«Ինչ էլ պատահի, Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը պետք է լուծել խաղաղ քայլերով», - ասել է Հարավային Կորեայի նախագահը:
1950-53 թվականների պատերազմը խլել է ավելի քան մեկ միլիոն մարդու կյանք և ավարտվել է Կորեական թերակղզու պառակտումով:
Դանֆորդը կարևորում է Չինաստանի դերը
ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միացյալ կոմիտեի նախագահը կայցելի նաև Ճապոնիա և Չինաստան:
«Մենք կփորձենք ամեն բան անել այս դրությունից առանց պատերազմի դուրս գալու համար», - հարավկորեացի զինվորականների հետ հանդիպման ժամանակ նշել է գեներալը: Այսօր Սեուլում տեղի է ունեցել նաև նրա ասուլիսը:
«Հյուսիսային Կորեայի վրա դիվանագիտական և տնտեսական ճնշումը արդյունավետ դարձնելու, Հյուսիսային Կորեայի ապամիջուկանացումը իրականացնելու համար անհրաժեշտ է Չինաստանի աջակցությունը: Ես նկատի չունեմ միայն այն, որ նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում պատժամիջոցներին կողմ են քվեարկել․ նրանք պետք է նպաստեն, որ պատժամիջոցներն իրականացվեն: Դա է այն ուղերձներից մեկը, որը կտանեմ Չինաստան»,- ասել է Դանֆորդը:
Փհենյանը շարունակում է ռազմատենչ հայտարարություններ հնչեցնել
Մինչդեռ Հյուսիսային Կորեայում լույս տեսնող Minju Joson («Դեմոկրատական Կորեա») օրաթերթը գրել է, թե «Հյուսիսային Կորեան պատրաստ է մղել ցանկացած պատերազմ, որն Ամերիկան կառաջարկի»:
Մոսկվան և Պեկինը կողմերին զսպության կոչեր են ուղղել
Լարվածությունը Կորեական թերակղզու շուրջ աճել է այն բանից հետո, երբ Հյուիսսային Կորեան սպառնացել է հրթիռակոծել Գուամ կղզին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, թե «Ամերիկայի կամ դաշնակիցների վրա հարձակվելու դեպքում Հյուսիսային Կորեան կբախվի այնպիսի կրակի և ցասումի, որն աշխարհը երբևէ չի տեսել»:
Ռուսաստանը և Չինաստանը առանձին հայտարարություններով մտահոգություն են հայտնել Կորեական թերակղզու շուրջ ծավալվող զարգացումների վերաբերյալ և կողմերին զսպվածության կոչեր են ուղղել: