Իրաքի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը միջնորդ կդառնա Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև: Քասիմ ալ-Արաջիի փոխանցմամբ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամադ բին Սալմանն է դիմել Իրաքին՝ ներգրավվելու Ռիյադի և Թեհրանի միջև լարվածության նվազեցմանը նպաստելու համար, հաղորդում են իրանական և իրաքյան լրատվամիջոցները:
«Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև խաղաղությունն ու կայունությունը, նաև հարաբերությունների վերականգնումը դրական ազդեցություն կունենան ամբողջ տարածաշրջանի վրա», - ասել է Իրաքի ներքին գործերի նախարարը։
Սաուդյան Արաբիան Իրանի հետ պաշտոնական հարաբերությունները խզել է 2016 թվականի հունվարին, երբ Թեհրանում բազմությունը հարձակվեց Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա՝ ի նշան այդ երկրում 47 մարդու, այդ թվում՝ իրանցի հայտնի հոգևորականի մահապատժի դեմ բողոքի: Երկու երկրների միջև լարվածությունն աճեց, երբ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ մի խումբ արաբական երկրներ խզեցին հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով այդ պետությանը ահաբեկչության ֆինանսավորման և Իրանի հետ սերտ կապեր ունենալու մեջ։ Կատարը, որը, ինչպես և Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ի դաշնակիցն է, հերքել է այդ մեղադրանքները: