Լրագրողներ առանց սահմանների (RSF) կազմակերպությունը դատապարտել է Ադրբեջանի իշխանությունների կողմից Turan լրատվական գործակալության դեմ հարկերից խուսափելու մեղադրանքների շահարկումը:
Օգոստոսի 11-ին Turan-ը հաղորդել էր, որ հարկային մարմինները գործակալությանը մեղադրում են 2014 թվականից ի վեր իր իրական եկամուտները թաքցնելու մեջ և պահանջում են ավելի քան 37,000 մանաթի ($20,000 դոլարի) հավելյալ հարկեր և տույժեր վճարել:
«Այն, որ Ադրբեջանում գործող վերջին անկախ լրատվամիջոցը կհայտնվի իշխանությունների թիրախում, ընդամենը ժամանակի հարց էր», - նշել է RSF-ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժանմունքի ղեկավար Յոհան Բիհրը:
Ադրբեջանի իշխանությունները օգոստոսի 7-ին քրեական հետապնդում են սկսել Turan-ի դեմ: Գործակալությունը հերքում է մեղադրանքները և դիմել է վարչական դատարան, պնդելով, որ պաշտոնյաները գործը վարում են բազմաթիվ խախտումներով:
«Այս ամենի նպատակը լրատվական գործակալությանը ֆինանսապես կաշկանդելն է», - նշել է Բիհրը: - «Մենք կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել վերջին անկախ լրատվամիջոցի դեմ համակարգված ճնշումները և փակել Turan-ի դեմ հարուցված գործը»: