Մատչելիության հղումներ

Վանաձորում արդեն նաև քաղաքապետի որոշմամբ է պահանջվում գիշերային լռություն պահպանել


Վանաձոր, արխիվ

Վանաձորցիներից քչերն են տեղյակ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի՝ հուլիսի 31-ին ընդունած որոշմանը, որով արգելվում է գիշերային ժամերին խախտել լռությունը, մասնավորապես՝ ժամը 23-ից հետո բարձրաձայն երաժշտություն միացնել, ձայնային ազդանշաններ տալ, հրավառություն կատարել և գիշերային անդորրը խանգարող այլ գործողություններ իրականացնել:

Շատերը որոշման մասին առաջին անգամ էին լսում, բայց «Ազատության» հետ զրույցներում ասացին, որ դրական են վերաբերվում:

Քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը «Ազատության» հարցին, թե ինչու է գիշերային ժամերին լռություն պահպանելու մասին օրենքի առկայության դեպքում նման որոշում ընդունել, պատասխանեց․ - «Դա օրենք է, ուղղակի մենք օրենքի կիրառության համար, Վանաձորի համար առանձին որոշում ենք ընդունել՝ ևս մեկ անգամ ուշադրությունը հրավիրելու տնտեսվարող սուբյեկտների էդ հանգամանքի վրա, որ Վանաձոր քաղաքում վերջը գոյություն ունի հանրային համակեցության կանոններ, և այդ համակեցության կանոններից մեկն էլ նաև լռությունը պահպանելու մասին օրենքն է կամ իմ կարգադրությունն է, որ ժամը 23:00-ից մինչև առավոտյան 7-ը պիտի պահպանվի լռության օրենքը, մարդկանց տրվի նաև հանգստի հնարավորություն»:

Քաղաքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանն ասում է՝ կենտրոնում ապրող բնակիչներից շատերն են դժգոհել գիշերային աղմուկից: Խնդիրը քննարկել է նաև քաղաքապետ Ասլանյանի հետ, ով «Ազատության» հետ զրույցում ասաց, թե վաղուց էր ուզում նման որոշում ընդունել:

«Էդ մտահղացումը կար, ուղղակի ես նաև որպես անցորդ կամ որպես քաղաքացի երեկոյան հաճախ եմ նաև շրջում ուշ ժամերի, կամ մեքենայով անցնում եմ, և նաև տհաճություն է որոշակիորեն պատճառում, որովհետև բոլորին չի հաճելի՝ նախ երաժշտության որակը, բարձրությունը, ու նաև պիտի մենք մեր գործունեությունը, մեր կյանքը դասավորելիս աշխատենք, որ դրանք չվնասեն այլ մարդկանց և այլ մարդկանց իրավունքներին», - ասաց Մամիկոն Ասլանյանը:

Օգոստոսի 1-ից՝ որոշման ուժի մեջ մտնելուց հետո Անահիտ Կարապետյանը գիշերային ժամերին պարբերաբար այցեր է կատարում տարբեր հասարակական վայրեր՝ ստուգելու՝ արդյոք հետևում են օրենքին ու որոշմանը: «Կոնկրետ այն օրը, որտեղ նաև ես հենց սրճարանում էի, 23:01 էր, վերջին երգը հենց ավարտվեց՝ կենդանի երաժշտությունը միանգամից դադար տվեցին, արտիստներին միանգամից տուն ուղարկեցին ու շատ ցածր, հանգիստ երաժշտություն միացրին, որպեսզի ոչ ոքի չխանգարի», - մասնավորապես պատմեց նա՝ հավելելով, որ մի քանի օր անց եղել է նաև Երկաթուղայինների այգում, «որտեղ հիմնականում լռություն էր էլի»:

Ասլանյանն էլ, իր հերթին, ասում է՝ գիշերային լռության պահպանումը փորձում են վերահսկել թե՛ «թեժ գծի», թե՛ շրջայցերի միջոցով: Արձանագրված խախտումների դեպքում նախազգուշական նամակ են ուղարկում, իսկ խախտումը կրկնվելու դեպքում տուգանք է նշանակվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG