Մատչելիության հղումներ

Վայոց ձորում հրդեհի վնասած անտառի վերականգնման համար տասնյակ տարիներ են պետք․ բնապահպան


Հրդեհը Վայոց ձորի անտառում, 11-ը օգոստոսի, 2017թ․

Մեկ անձ կասկածվում է Վայոց ձորի մարզում խոշոր անտառային հրդեհի բռնկման համար, «Ազատությանը» հայտնեցին ոստիկանությունից։

Հիշեցնենք, ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ մարզի Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում հինգշաբթի օրը բռնկված հրդեհի հետևանքով այրվել է 450-500 հա խոտածածկ տարածք, որից 80 հեկտարը՝ անտառ: Վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը։ Այսօր էլ տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները:

Արտավան խոշորացված համայնքի ներկայացուցիչ Ատոմ Վարդանյանն «Ազատությանը» փոխանցեց, որ կասկածյալն իրենց գյուղի էլեկտրիկն է՝ 43-ամյա Կարեն Հակոբյանը։

«Մեր էլեկտրիկն ա, իրա խոտի դեզն էլ ա վառվել, դաշտերն էլ: Դե իրանը հլը հնձված չէր, էլի, մեծամասամբ հնձված չէր», - ասաց Վարդանյանը:

Համայնքի ներկայացուցչի խոսքով՝ հրդեհը գյուղին առանձնապես վնաս չի հասցրել։ Գյուղը հոսանքազրկվել էր, այսօր արդեն էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Իսկ ընդհանուր վնասի չափը դեռ հաշվարկված չէ։

Մինչ պաշտոնական թվերի հրապարակումը՝ բնապահպաններն արդեն ունեն վնասի մոտավոր չափեր։ Ագրոէկոլոգ Գալուստ Նանյանը, ով այս պահին դեպքի վայրում է, «Ազատությանը» փոխանցեց, որ իրենց տվյալներով՝ ընդհանուր այրվել է 670 հեկտար տարածք, որից 370 հեկտարը անտառային հող է, 256-ը՝ անտառածածկ տարածք։ Դրանից 202 հեկտարը գիհու անտառ է, 54-ը՝ կաղնու և այլ ծառատեսակների։

«Մեծ մասը զուտ արոտավայրեր կամ, այսպես ասած, խոտհարքների տեսքով է, բայց անտառային մաս որ դիտարկում ենք՝ նոսր անտառային տարածքն է վնասվել, որտեղ մեծ թվով գիհիներ են, որոնց տարիքը տատանվում է 100-ից մինչև 200 տարեկան: Անտառային հատվածը արդեն տարիներ են պետք, որ վերականգնվի, ոչ թե տարիներ, այլ՝ տասնյակ տարիներ», - ասաց Նանյանը:

Բնապահպանի խոսքով՝ հրդեհը վնաս է հասցրել նաև կենսաբազմազանությանը, որն այդ տարածքում բավականին հարուստ է։

«Տարածքը էկոլոգիական առումով հարուստ կենսաբազմազանություն ունի՝ այդտեղ ոչ միայն հովազի էկոմիջանցքն է համարվում, այլ նաև բեզոարյան այծի, ինչպես նաև գորշ արջի: Կարող ենք ներկա պահին ասել, որ խոշոր կաթնասունները կրակից հավանաբար փախել են, իսկ ինչ մնում է փոքր տեսակներին՝ սողուններ, նապաստակներ և այլն, ներկա պահին ոչ մի գնահատական դեռ չենք կարող ասել», - նշեց Գալուստ Նանյանը:

Դեպքի առթիվ Քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով և 297-ի 1-ին մասով՝ գույքը, անտառները անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը կրակի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով: Գործով նախաքննությունն իրականացվում է ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում։ Ըստ Քննչական կոմիտեի, հարցաքննության ժամանակ գյուղացիներից մեկի հայտնած տվյալների համաձայն՝ հրդեհը բռնկվել է խոտածածկ տարածքում ավտոմեքենայի խլացուցիչից դուրս թռած կայծի հետևանքով։ Մատնանշված հանգամանքները ստուգվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG