Մատչելիության հղումներ

Մարզերի զարգացման պատասխանատվությունը կդրվի մարզպետարանների վրա


Կոտայքի մարզպետարանի շենքի շքամուտքը, Հրազդան, արխիվ
Կոտայքի մարզպետարանի շենքի շքամուտքը, Հրազդան, արխիվ

Կառավարությունը նախատեսում է հաջորդ տարվա ապրիլից մարզպետարանների լիազորությունների փոփոխություններ իրականացնել: Որոշ լիազորություններ սահմանափակվելու են, որոշ լիազորություններ էլ՝ ընդլայնվելու:

Այս պահին քննարկումներ են ընթանում, թե մարզպետարանների համար ինչ մոդել է ընտրվելու, «Ազատության» հետ զրույցում ասաց տարածքային կառավարման ու զարգացման փոխնախարար Վարազդատ Կարապետյանը:

«2018 թվականի ապրիլից հավանաբար կլինեն փոփոխություններ, հիմա քննարկվում են այդ մոդելները հնարավոր: Ամենակարևորը՝ մարզպետարանը կկրի տարածքի զարգացման պատասխանատվությունը: Մնացած դետալները կներկայացվեն ձեզ ավելի ուշ, բայց առաջնային ֆունկցիան՝ մարզի զարգացման պատասխանատվությունը կկրի մարզպետարանը», - ասաց փոխնախարարը: Ի պատասխան «Ազատության» հարցի՝ նա հավելեց, որ զարգացման առումով՝ «հաստատ» մարզպետարանների լիազորությունների ընդլայնում է նախատեսվում, «մնացած առումներով՝ քննարկվում է, հնարավոր են նաև սահմանափակումներ»:

Այսինքն՝ կառավարությունը զարգացման բեռը փորձելու է դնել մարզպետարանների վրա: Արդյոք լիազորությունների ընդլայնումն ու սահմանափակումները կենթադրեն կադրերի կրճատումներ, թե հակառակը՝ ավելացում, պարզ կդառնա մարզպետարանների կառավարման մոդելի ընտրությունից հետո:

Հիմա համայնքներում են զարգացման ծրագրեր իրականացնում: Գյուղերում թերահավատ են, թե հնարավոր է գյուղ զարգացնել: Այնինչ կառավարության ներկայացուցիչը կարծում է, որ տեղերում` հենց համայնքներից է պետք տնտեսական զարգացումը սկսել:

«Եթե համայնքում տնտեսությունը զարգանա, տնտեսությունը իր հարկերի և այլ գործիքների միջոցով կֆինանսավորի, որպեսզի նաև սոցիալական և ենթակառուցվածքային հատվածները զարգանան: Նույն մանկապարտեզի տանիքը հնարավոր է նաև գործարարների միջոցներով վերանորոգել: Եվ հիմա իրականում այդքան էական չէ, թե ես ինչ եմ տեսնում այստեղ զարգանալու, այլ՝ տեղում ապրող մարդիկ ինչպես են տեսնում այստեղի զարգացումը», - ասաց Կարապետյանը:

Արդյո՞ք դա նշանակում է, որ մարզերում տնտեսական զարգացման այս մոդելի կիրառումը ենթադրում է ապակենտրոնացում: «Ամբողջ գաղափարախոսությունը տեղական ինքնակառավարման՝ դա հենց ապակենտրոնացումն է, և հիմա մենք փորձում ենք տնտեսական զարգացման գործիքներ, մեթոդներ, գիտելիքներ տալ նաև տեղական ինքնակառավարման մարմիններին և մարզպետարաններին, որպեսզի իրենք կարողանան այդ ֆունկցիան աստիճանաբար վերցնել իրենց վրա», - նշեց փոխնախարարը:

Վարազդատ Կարապետյանի ասելով՝ նույնիսկ շատ քննադատությունների ենթարկվող համայնքների խոշորացումը ենթադրում է համայնքների զարգացում, ուղղակի համայնքների միավորման ճիշտ մոդել է պետք ընտրել: Մանրերի խոշորացումը, ըստ փոխնախարարի, կարող է արդյունք չտալ, բայց մանրերի միացումը խոշոր համայնքներին ենթադրում է փոքր համայնքների զարգացում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG