Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրներն արժանահավատ չեն համարում ՏԿՏՏ նախարարության շենքի վաճառքի հիմնավորումը, «Բյուջե են լցնում»


Երևան, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը
Երևան, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը

Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքի օտարման աճուրդը կանցկացվի առաջիկա օրերին: Այս մասին «Ազատությանը» փոխանցեցին պետական գույքի կառավարման վարչությունից։

Դեռևս խորհրդային ժամանակներում կառուցված, իսկ անկախ Հայաստանի կառավարության կողմից պատմամշակութային հուշարձան ճանաչված այս շենքի արժեքը կառավարությունը գնահատել է ավելի քան 13 միլիարդ դրամ՝ մոտ 28 միլիոն դոլար։ Աճուրդի դրված հուշարձան համարվող շենքի մակերեսը մոտ 8000 քառակուսի մետր է, դրա հետ վաճառքի է դրվելու նաև 0,3 հեկտար մակերեսով հողատարածքը։ Կառավարության սեփականությունը համարվող հուշարձան-շենքն աճուրդի հանելու պաշտոնական հիմնավորումը հետյալն է․ «Ելնելով պետական գույքի կառավարման արդյունավետության բարձրացման քաղաքականությունից՝ ներկայացված նախագծով առաջարկվում է նշված գույքը ներկայացնել օտարման՝ աճուրդով»։

Երևանի նախկին քաղաքապետ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը ծիծաղելի է համարում կառավարության՝ պետական գույքը մասնավորին վաճառելու նախաձեռնության այս բացատրությունը։ «Փաստ է, որ Կառավարության կողմից ցանկություն կա վաճառել այն ամենն ինչ որ հնարավոր է վաճառել: Այդ թվում նաև իրենց շենքը, միայն թե բյուջե գումարներ գան: Ցավոք, մենք ականատես ենք դեպքերի, երբ այդ ամենը տեղի է ունեցել ու հետո հետողորմյա են արել, ասենք՝ Մարզահամերգային համալիրի դեպքում: Սա խոսում է այն մասին, որ մեզ մոտ ընդհանրապես ռազմավարական ծրագրերով աշխատելու ոճ չկա»,- ասաց Խաչատրյանը:

Երևանի նախկին քաղաքապետը հիշեցնում է մի քանի տարի առաջ Հանրապետության հրապարակի մյուս՝ կառավարության արդեն նախկին թիվ 2 մասնաշենքի վաճառքի մասին: Ժամանակին այդ շենքում էր գտնվում արտգործնախարարությունը։ Այն ևս աճուրդի էր հանվել, բայց ի վերջո՝ վաճառվել էր առանց աճուրդի։ Ավելի քան 14 հազար քառակուսի մետր տարածքով անշարժ գույքն ու հարակից հողամասը վաճառվել էր արգենտինահայ գործարար էդուարդո էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությանը՝ մոտ 51 միլիոն 271 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամի դիմաց: Խաչատրյանը չի հավատում, որ այժմ աճուրդի դրվող հուշարձան-շենքի տեսքը կպահպանվի։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքն առաջին անգամ աճուրդի է դրվել անցած տարի: Վաճառք, սակայն, տեղի չէր ունեցել: Ամիսներ առաջ Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել էր ինչպես այս շենքի, այնպես էլ ԱԳՆ նախկին շենքի վաճառքին՝ ասելով․ «Կարծում եմ, որ ճիշտ կլինի, որ Հանրապետության հրապարակը վերածվի ավելի զբոսաշրջային կենտրոնի: Իհարկե լավ կլինի, որպեսզի լինեն հենց հյուրանոցային համալիր կառուցելու առաջարկներ»:

Երևանի նախկին քաղաքապետ Վահանգ Խաչատրյանը, մինչդեռ, պնդում է՝ այդ շենքը չի խանգարում տուրիզմի զարգացմանը։ Տուրիզմն այդպես չեն զարգացնում: Նա կասկածներ ունի, որ աճուրդի անցկացումից առաջ կառավարությունում «արդեն լավ էլ գիտեն», թե ով է լինելու տրանսպորտի և կապի նախարարության շենքի սեփականատերը․ «Գնորդը նաև թելադրում է իր պայմանները, այսինքն ինքը ասած կլինի՝ էսքան գումար պետք է տամ, շենքն ինձ էս ժամանակում կտաք և այլն: Կտեսնեք, որ էդպես էլ լինելու է»:

Նշենք, որ կառավարության որոշմամբ՝ սեփականատերը պարտավորվելու է պահպանել հուշարձանի արտաքին տեսքը։ Երևանի ավագանու ընդդիմադիր «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանն ասում է՝ կասկած չունի, որ հերթը մի օր կհասնի կառավարության շենքին։ Նա ևս չի կիսում իշխանության այն պնդումը, թե գույքի արդյունավետ կառավարման համար են օտարում։ Դրանով պարզապես բյուջեն են ուզում լցնել, ասում է ավագանու անդամն ու շարունակում․

«Չի արվել հայտարարություն ներդրումային ծրագրի մասին: Եթե կա կոնկրետ ուղղվածություն զարգացման առումով, ապա պետք է հստակ նշվի, թե ինչ նպատակի կարող է այդ շենքը ծառայել: Պարզապես վաճառել ու ասել, որ դա կզարգացնի տուրիզմը, ուղղակի իրատեսական չէ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG