Մատչելիության հղումներ

Ստեփանավան-Օձուն ճանապարհը կրկին վերանորոգում են, «մի տարի էլ չքաշեց»


Լուսանկարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության
Լուսանկարը՝ Տրանսպորտի և կապի նախարարության

Ընդամենը մեկ տարի առաջ շահագործման հանձնված Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհը կրկին վերանորոգվում է՝ շինարարությունն իրականացրած ընկերությունների միջոցներով։ Առանձին հատվածներում փոսային նորոգումներ, որոշ հատվածներում էլ ամբողջական վերանորոգում է իրականացվում։ Վարորդները հիասթափված են, այսում են՝ Հայաստանում վերանորոգված ճանապարհներն անգամ մեկ տարի չեն դիմանում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից «Ազատությանը» հայտնել են, որ Ստեփանավան-Օձուն 28 կիլոմետրանոց ճանապարհի շինարարության համար ծախսվել է 2 միլիոն 700 հազար դրամ։ Նախարարությունն, ըստ ստացված պաշտոնական գրության, տեղեկություն չունի, թե առաջացած թերությունների վերացման համար որքան գումար են ծախսում ընկերությունները։

Գյուղերի միջով անցնող ճանապարհի շինարարությունը մինչև 2016 թվականն իրականացրել են երեք՝ «Խաչար», «Ճանապարհ» և «Արգիշտի-1» ընկերությունները։ Շինարարներից մեկի՝ «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց՝ կարգն է այդպիսին, կառուցվող ճանապարհները մեկ տարվա երաշխիք ունեն, որի ընթացքում առաջացած թերությունները պարտավոր են վերացնել։ Չնայած շինարարներն ընդունել են, որ թերություններն իրենց մեղքով են առաջացել ու ստանձնել են դրանք իրենց միջոցներով վերացնելու պարտավորությունը, նաև նշում են, որ վերանորոգման անհրաժեշտություն առաջացել է ճանապարհի չնախատեսված ծանրաբեռնվածությունից։

Ստեփանավան-Օձուն ճանապարհը ժամանակավորապես փոխարինել է Վանաձոր-Ալավերդի մայրուղուն, որն այժմ վերանորոգվում է։ Ի սկզբանե կանխատեսելի էր, որ Վանաձոր-Ալավերդի մայրուղին փակելուց հետո Ստեփանավան-Օձուն հատվածն ավելի է ծանրաբեռնվելու։ Օձունի գյուղապետ Արսեն Տիտանյանը հույս է հայտնում, որ ինչպես օձունցիների, այնպես էլ հարակից գյուղերի համար կարևոր նշանակություն ունեցող այդ ճանապարհը գոնե երկրորդ վերանորոգումից հետո ավելի երկար կդիմանա:

Իսկ հատկապես Վրաստանից Հայաստան մտնող վարորդները համեմատում են երկու երկրների ճանապարհներն ու ափսոսանքով հարց տալիս՝ ինչու՞ է տարբերությունն այդքան մեծ, ինչու՞ են Հայաստանի ճանապարհներն անորակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG