Մատչելիության հղումներ

Ամուսինը հրաժարվել է երեխայից, երբ իմացել է, որ աղջիկ է


Ժաննա Տեփանյանը միայնակ է մեծացնում դստերը
Ժաննա Տեփանյանը միայնակ է մեծացնում դստերը

Ժաննա Տեփանյանն արդեն 2 տարի է մեկուկես տարեկան դստեր՝ Մարիամի հետ ապրում է ինքնաշեն տնակում, որտեղ անգամ տարրական կոմունալ պայմաններ չկան: Ամռանն այնտեղ շատ շոգ է, ձմռանն էլ շատ ցուրտ: 36-ամյա կինն ասում է, թե տնակում է հայտնվել այն բանից հետո, երբ ամուսինն ու սկեսուրն իմացել են, որ աղջիկ է ունենալու, նրա առջև պայման են դրել:

«Չհամաձայնվեցին, քանի որ ամուսինս իր առաջին կնոջից երկու աղջիկ ուներ: Չցանկացան նրա համար, որ աղջկա կոլեկցիա չեն հավաքում: Ասեց՝ եթե ցանկություն ունես երեխային բերելու, գնա քեզ համար առանձին ապրի, բայց ես ոչ ալիմենտով կօգնեմ, ոչ էլ հայրություն կճանաչեմ, քանի որ էդ երեխան ինձ պետք չէ: Իրանց տղա է պետք»,- պատմեց Ժաննան: Նա ցանկացել է ունենալ աղջկան և ընտրել է հեռանալու տարբերակը: Գործազուրկ կնոջն այժմ ծնողներն ու եղբայրն են օգնում: Աղքատության նպաստ էլ է ստանում՝ ընդամենը 10 հազար դրամ:

Փոքրիկ Մարիամին ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է մահճակալ, հագուստ ու խաղալիքներ նվիրել: Ժաննան ասում է, որ իր ներկայիս վիճակից միակ ելքն աշխատանք գտնելն է, ինչը, սակայն, 40 տոկոս աղքատության ցուցանիշ ունեցող Գյումրիում շատ դժվար է․ «Ոչ ինձ են ընդունում աշխատանքի, ոչ էլ պապայիս, պապան 63 տարեկան է, ես 36, խանութներն էլ մինչև 30 տարեկան բարետես կպահանջեն, անգլերենի իմացությամբ»:

Հիմա կնոջ թիվ մեկ մտահոգությունն առաջիկա ձմեռն է: Ժաննան ցույց է տալիս պատերի, դռան ու պատուհանների անցքերը, որտեղից ձմռանը քամին ներս է մտնում: Երեխային միայնակ մեծացնող Ժաննայի միակ ցանկությունն այժմ տնակը վերանորոգելու համար միջոցներ գտնելն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG