Մատչելիության հղումներ

Ռուսաստանն աննախադեպ արտագաղթի շեմին է. Stratfor


Արտագաղթի վնասը տարեկան կկազմի 1.5 տրիլիոն դոլար:

Stratfor ամերիկյան վերլուծական կենտրոնի փորձագետները ենթադրում են, որ Ռուսաստանում առաջիկայում կգրանցվի անցած 20 տարում արտագաղթի ամենախոշոր ալիքը:

Երկիրը լքում են բարձրորակ մասնագետներ, ինչը չափազանց ծանր ազդեցություն կգործի տնտեսական և քաղաքական կյանքի վրա: Stratfor-ի զեկույցի համաձայն, հետզհետե ավելի մեծ թվով ռուսաստանցիներ են մտածում հեռանալու մասին, ինչը բացատրվում է իրական եկամուտների անկման և օրըստօրե ընդգծվող սոցիալական շերտավորման հանգամանքներով:

Ռուսաստանցի բարձրորակ և երիտասարդ մասնագետներից շատերը հայրենիքում հեռանկար չեն տեսնում: «Ուղեղների արտահոսքը» ռուսաստանյան տնտեսությանը երկար տարիներ վնաս կհասցնի: Կրթության և առողջապահության ոլորտների ճգնաժամը կշարունակվի:

Այդ ընթացքում նորարարական ընկերությունների և ծրագրերի մեծ մասը Ռուսաստանից կտեղափոխվի արտերկիր, անխուսափելի կլինի մասնավոր ձեռներեցության կրճատումը:

Stratfor-ի փորձագետների փոխանցմամբ, Ռուսաստանի երիտասարդության կեսը հոգեբանորեն պատրաստ է լքել երկիրը:

Արտագաղթելու գաղափարով հետաքրքրված մարդիկ չեն մերվում Ռուսաստանում քաղաքացիական հասարակության ինստիտուտների թուլության և անպիտանիության հետ:

Բացի այդ, նրանք չեն վստահում Ռուսաստանի իրավապահներին և արդարադատության համակարգին: Նրանց մտահոգում են օրենսդրության խստացումը և համացանցի սահմանափակումները:

Ըստ Stratfor-ի, արտագաղթի հասցրած վնասը տարեկան կարող է կազմել 1․5 տրիլիոն դոլար:

Անցած 20 տարում Ռուսաստանից հեռացել է 20 հազար դոլարային միլիոնատեր և միլիարդատեր, նրանցից 6 հազարն անցած երեք տարում է հեռացել: Միայն վերջին տարվա ընթացքում հեռացել է 2 հազար դոլարային միլիարդատեր և միլիոնատեր:

Փորձագետները նշում են, որ Ռուսաստանի իշխանությունը նույնիսկ չի արձագանքում և չի փորձում պայքարել արտագաղթի բուն պատճառների դեմ և միջոցներ չի ձեռնարկում արտագաղթած մասնագետներին վերադարձնելու համար:

Մինչդեռ, օրինակ, Հնդկաստանում և Չինաստանում կան հատուկ կենտրոններ, որոնք շատ բարձր աշխատավարձով աշխատանք են ապահովում Միացյալ Նահանգներից վերադարձող մասնագետների համար:

Ռուսաստանցի միգրանտների մեծ մասը մեկնում է Ամերիկա, Գերմանիա, Կանադա և Ֆինլանդիա:

Ըստ ռուսաստանցի մասնագետների, 1989-ից 2015 թվականների ընթացքում Դաշնությունից արտագաղթել է 4.5 միլիոն մարդ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG