Gallup հետազոտական կենտրոնի հարցման համաձայն, յուրաքանչյուր չորրորդ չափահաս ամերիկացին ենթադրում է, որ նախագահ Դոնալդ Թրամփի կեցվածքն ապօրինի է 2016 թվականի ընտրություններին ռուսների միջամտության հարցում:
37 տոկոսը կարծիք է հայտնել, որ նախագահը էթիկայի նորմերը խախտել է, սակայն ապօրինի չի գործել, իսկ 35 տոկոսի համոզմամբ, նախագահը որևէ խախտում չի արել:
Gallup-ի հարցման արդյունքները վկայում են, որ մեծ թվով ամերիկացիներ մեղավոր են համարում Թրամփին, այնուամենայնիվ դա միանգամայն համեմատելի է ուրիշ նախագահների նկատմամբ ամերիկացիների քննադատական վերաբերմունքի հետ:
1998 թվականի հարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 29 տոկոսի ապօրինի և 42 տոկոսն էթիկային հակասող է համարել նախագահ Բիլ Քլինթոնի դերակատարությունը Whitewater-ի անշարժ գույքի գործարքում:
Քլինթոն ամուսիններն այդ սկանդալային պատմության հետ առնչություն են ունեցել այն ժամանակ, երբ Բիլ Քլինթոնը զբաղեցրել է Արքանզասի նահանգապետի պաշտոնը:
Այդ գործարքում Քլինթոններին վերագրվող մոտ 300 հազար դոլարի ապօրինի շրջանառման հարցով կատարվել է քննություն, սակայն ամուսիններին մեղադրանք չի ներկայացվել, քանի որ քննիչները մեղադրանք ներկայացնելու բավարար հիմքեր չեն ստացել:
Քլինթոնի կեցվածքը հարցվածների 24 տոկոսն ապօրինի, 47 տոկոսն էլ էթիկային հակասող է համարել 1998 թվականի մեկ այլ խնդրի՝ փաստաբան Քեննեթ Սթարի հետաքննության կապակցությամբ, որն առնչվել է և՛ Whitewater-ին, և՛ Մոնիկա Լևինսկու հետ Քլինթոնի սկանդալային արտամուսնական կապին:
Սթարը պնդել է, որ նախագահը ստել է, ինչն ընձեռել է Քլինթոնի նկատմամբ իմփիչմենտի գործընթաց սկսելու հնարավորություն: Քլինթնը ենթարկվել է իմփիչմենտի, սակայն Սենատում չի եղել նրան պաշտոնանկ անելու համար անհրաժեշտ 67 ձայն:
Ամերիկայում տարբեր ժամանակաշրջաններում և տարբեր խնդիրների կապակցությամբ հարցվածների 21, 18, 15 տոկոսները ապօրինի են անվանել նաև նախագահ Ջորջ Բուշ կրտսերի գործողությունները:
Փաստորեն, ըստ Gallup-ի, ամերիկացիների 24-ից 30 տոկոսը նախագահների կեցվածքում օրենքին հակասող հանգամաքներ են տեսել: