Մատչելիության հղումներ

Արարատ Խանդոյանին հալածում են, քանի որ «Սասնա ծռեր» խմբի անդամի եղբայրն է․ Փաստաբան


Արարատ Խանդոյանը դատարանում, արխիվ
Արարատ Խանդոյանը դատարանում, արխիվ

Արարատ Խանդոյանի գործով դիմում է ներկայացվել Վերաքննիչ դատարան: Փաստաբանի խոսքով՝ ակնկալիքներ չունեն, պարզապես սպառում են ներպետական ատյանները՝ ՄԻԵԴ դիմելու համար:

Զանգվածային անկարգությունների մասնակցելու ժամանակ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով 3,5 տարվա ազատազրկման դատապարտված Արարատ Խանդոյանը («Սասնա ծռեր» զինված խմբի անդամ` «Միայնակ Գայլ» մականվամբ հայտնի Արայիկ Խանդոյանի եղբայրը) և նրա փաստաբանը դիմում են ներկայացրել վերաքննիչ դատարան՝ պահանջելով բեկանել առաջին ատյանի որոշումն ու արդարացնել Արարատ Խանդոյանին։

«Ազատության» հետ զրույցում նրա փաստաբան Արա Ղարագյոզյանն, այդուհանդերձ, ասաց, որ ակնկալիքներ չունի, թե հայաստանյան ատյաններում կհասնեն իրենց նպատակին: Միակ հույսը Եվրոպական դատարանն է։ «Դատավորներից մեկը՝ Սերգեյ Չիչոյանը, այն անձն է, որը Արարատ Խանդոյանի կալանքի ժամկետի երկարացման վերաքննիչ բողոքը քննել է առանց պաշտպանական կողմի և ապօրինի որոշում է կայացրել: ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել նաև այդ բողոքը: Այսինքն այն խախտումները, որոնք թույլ է տվել առաջին ատյանի դատարանը, նույն խախտումները թույլ է տալիս նաև վերաքննիչ դատարանը: Հիմա պարզապես սպառում ենք ներպետական ատյանները: Այստեղ դատարաններն իրավունքը չեն զարգացնում, իրավունքն այստեղ մահանում է»,- ասաց փաստաբանը:

Ըստ մեղադրանքի, 43-ամյա Արարատ Խանդոյանն անցած տարվա հուլիսի 20-ին մասնակցել է զինված խմբին աջակցելու համար Խորենացի փողոցում կազմակերպված բողոքի ակցիաներին և այդ ընթացքում բռնություն է գործադրել ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ՝ հարվածել է, քաշքշել ու փորձել խլել ոստիկանի վահանը: Խանդոյանի պաշտպանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կես տարի տևած դատաքննության ընթացքում անցած տարվա հուլիսյան ցույցերից հետո տուժող ճանաչված 46 ոստիկաններից ոչ ոք դատարանում չի ասել, որ իրեն հարվածողը հենց Խանդոյանն է եղել։

«Ազատության» հետ զրույցում մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը ևս, ավելի վաղ «Ազատության» հետ զրույցում, ընդունել էր իրողությունը, որ որևէ ոստիկան չի ասել, թե Խանդոյանը հարվածել է իրեն: «Որովհետև խառնված իրավիճակում դժվար է նկատել, թե կոնկրետ ով ինչ գործողություններ է կատարել: Բայց դա չի նշանակում, որ տվյալ ոստիկանները վնասվածք չեն ստացել: Իրենք գործում ներգրավված են որպես տուժողներ»,- ասել էր դատախազը: Մեղադրողը նաև նշել էր՝ բացի տուժողների վնասվածքներից, Խանդոյանի մեղքը հաստատող այլ ապացույցներ էլ կան: Օրինակ՝ կա տեսանյութ, որտեղ երևում է Արարատ Խանդոյանը, ով «ոտքը հպում է» ոստիկանին:

«Արարատ Խանդոյանի մեղքը մենք հիմնավորել ենք ոչ միայն տուժողի ցուցմունքներով, այլև գործում առկա մի շարք ապացույցների բավարար համակցությամբ: Այդ թվում՝ տեսագրության զննությամբ: Պաշտպանական կողմը նշում էր, որ որևէ գործողություն Արարատ Խանդոյանը չի կատարել: Հիմա արդեն ոնց որ քիչ-քիչ ընդունում են, որ ոտքն է բարձրացրել, ձեռքն է բարձրացրել: Ամեն դեպքում, պարզ երևում է, որ ուղղվել է ոտքը դեպի ոստիկանը և կա հպում»,- նաև ասել էր դատախազը:

Փաստաբան Արա Ղարագյոզյանը, մինչդեռ, պնդում է՝ Արարատ Խանդոյանն ու հավաքի մյուս մասնակիցներն են ենթարկվել բռնությունների: Այդ մասին դատարանում բազմիցս նշել է իր պաշտպանյալը՝ հայտարարելով, որ ոստիկանների գործադրած հատուկ միջոցներից աչքն է վնասվել։ Ըստ փաստաբանի, տեսագրությունում պարզ երևում է, որ հենց ոստիկաններն են մահակներով հարվածում իր պաշտպանյալին:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ևս հետևել է Արարատ Խանդոյանի դատավարությանը և վստահ է՝ թե՛ նախաքննական մարմինը, թե՛ դատարանը չկարողացան ապացուցել նրա մեղքը։ Իրավապաշտպանը Խանդոյանի դատավճիռը «հաշվեհարդար է» որակում:

Ինչպես Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, այնպես էլ փաստաբան Արա Ղարագյոզյանը շեշտում են՝ Արարատ Խանդոյանը ենթարկվում է քաղաքական հետապնդման, քանի որ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի եղբայրն է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG