Մատչելիության հղումներ

Ռուսական ինքնաթիռը տեսչական թռիչքների ընթացքում դիտարկել է նաև Թրամփին պատկանող գոլֆ ակումբն ու ԱՄՆ նախագահի հանգստավայրը


Պենտագոնի շենքը Վաշինգտոնում, արխիվ

Սպիտակ տուն, Կապիտոլիում, Պենտագոն և Կենտրոնական հետախուզական վարչության` Լենգլիում գտնվող կենտրոնակայան. Ռուսաստանի ռազմաօդային ուժերին պատկանող TU 154M օդանավը չորեքշաբթի օրը տեսչական թռիչք իրականցրեց ռազմավարական նշանակություն ունեցող այս բոլոր ամերիկյան օբյեկտների վրայով:

Թռիչքն իրականացվել է 2002 թվականին կնքված «Բաց երկնքի» մասին պայմանագրի դրույթների համաձայն, ըստ որի, ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ Ռուսաստանը կարող են միմյանց տարածքում տեսչական-հետախուզական թռիչքներ իրականացնել` այդ մասին նախապես տեղեկացնելով հակառակ կողմին: CNN-ի տեղեկություններով՝ համաձայնագրի մեկ այլ դրույթի համաձայն, Վաշինգտոնում և դրա մերձակայքում իրականացված թռիչքի ընթացքում ռուսական օդանավում է գտնվել ամերիկացի զինվորականների մի խումբ, որն իր հերթին դիտարկել է ռուսաստանցի գործընկերների գործողությունները:

CNN-ը նաև տեղեկացնում է, որ չորեքշաբթի երեկոյան ռուսական օդանավը երկրորդ տեսչական թռիչքն է իրականացրել, որի ընթացքում շարժվել է դեպի Նյու-Ջերզի նահանգի Բեդմինստեր քաղաք, որտեղ այժմ իր արձակուրդն է անցկացնում Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը: Ռուսական TU 154-ը նաև թռիչք է իրականացրել Վիրջինիա նահանգում գտնվող գոլֆ-ալկումբի վրայով, որը Դոնալդ Թրամփն այցելում է գրեթե ամեն շաբաթ: Ինքնաթիռը նաև ցածր բարձրությունից դիտարկել է ամերիկյան նախագահների՝ Քեմփ-Դեվիդում գտնվող ամառանոցն ու Մաունթ-Վեդերում գտնվող գաղտնի բունկերների համալիրը, որը նախատեսված է պատերազմի դեպքում ամերիկյան կառավարության անդամների տարհանման համար:

Politico հանդեսի պնդմամբ, ռուսական կողմը, տեսչական թռիչքների օբյեկտների ցանկում ընդրգրկելով Թրամփի հանգստավայրն ու նրան պատկանող գոլֆ ակումբը, փորձել է ծաղրել, կամ ինչպես Politico-ն է գրում` «թրոլինգի ենթարկել ԱՄՆ նախագահին»: Պարբերականը զրուցել է Պենտագոնի պաշտոնյաներից մեկի հետ, որն ասել է․ «Ես տեղյակ չեմ ռազմական նշանակության որևէ օբյեկտի մասին, որ գտնվեր նախագահ Թրամփի հանգստավայր Բեդմինստեր քաղաքում»:

«Բաց երկնքի» մասին համաձայնագիրը նախատեսում է, որ կողմերը 72-ժամյա նախնական ծանուցման պարագայում կարող են տեսչական թռիչքներ իրականացնել տվյալ պետության ցանկացած շրջանում: Չնայած դրան, պաշտոնական Մոսկվան ամերիկացիներին չի թույլատրում թռիչքներ իրականանցել Մոսկվայի և Չեչնիայի օդային տարածքներում, ինչպես նաև Հարավային Օսիային և Աբխազիային հարող շրջաններում:

Եվ մինչ Վաշինգտոում քննարկում են ռուսական օդանավերի` ԱՄՆ մայրաքաղաքի օդային տարածքում իրականացրած ցուցադրական թռիչքները, Հետաքննությունների դաշնային բյուրոն շարունակում է ակտիվորեն հետաքննել Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի անդամների և ռուսաստանյան իշխանությունների ներկայացուցիչների շփումների մասին տեղեկությունները: Washington Post-ի տեղեկություններով՝ հուլիսի 26-ի վաղ առավոտյան Հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչները խուզարկել են Դոնլադ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի` Վիրջինիա նահանգի Ալեքսանդրիա քաղաքում գտնվող բնակարանը:

Ամերիկյան լրատվամիջոցների պնդմամբ՝ Ռոբերտ Մյուլերի ղեկավարած քննչական խմբի անդամները լուրջ կասկածներ են ունեցել, որ Մանաֆորտը մի շարք կարևոր փաստաթղթեր է թաքցնում, որոնք կարող են որոշիչ ազդեցություն ունենալ Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների միջև եղած հնարավոր կապերի ողջ հետաքննության վրա: Դա է պատճառը, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն Մանաֆորտի տանը խուզարկությունն իրականացրել է վաղ առավոտյան` առանց որևէ նախազգուշացման կամ ծանուցման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG