Մատչելիության հղումներ

Ռուսաստանում կործանված նախագահական ինքնաթիռի բեկորները վկայում են պայթյունի մասին. Վարշավա


Կործանված ինքնաթիռի բեկորները, արխիվ

Պաշտոնական Վարշավան պնդում է, որ յոթ տարի առաջ Ռուսաստանում կործանված նախագահական ինքնաթիռի բեկորները վկայում են պայթյունի մասին:

Աղմկահարույց այս հայտարարությունն արել է ավիաաղետի հանգամանքներն ուսումնասիրող կառավարական ենթահանձնաժողովը՝ ընդգծելով, որ օդանավի ձախ թևը սկսել է մասերի բաժանվել մինչև ծառերին բախվելը:

«Բացի այդ, օդանավի բազմաթիվ կոտրվածքներ հուշում են պայթյունի մասին», - նշված է կառավարական ենթահանձնաժողովի հայտարարության մեջ:

Զեկույցը, սակայն, չի մանրամասնում՝ արդյոք հայտնաբերվել են պայթուցիկ նյութերի հետքեր, ինչպես նաև չի ասում, թե ինչը կարող էր պայթյունի պատճառ լինել:

2010 թվականի ապրիլին կործանված օդանավը, որի ուղևորների թվում էին Լեհաստանի քաղաքական ու ռազմական վերնախավի տասնյակ ներկայացուցիչներ, այդ թվում՝ նախագահ Լեխ Կաչինսկին և նրա տիկինը, ուղևորվում էր Կատին՝ հարգանքի տուրք մատուցելու ստալինյան ժամանակաշրջանում խորհրդային զորքերի կողմից գնդակահարված հազարավոր լեհ ռազմագերիների հիշատակին։

Թանձր մառախուղի պայմաններում ինքնաթիռը չէր կարողացել վայրէջք կատարել՝ կործանվելով Սմոլենսկի օդանավակայանից քիչ հեռու՝ անտառում: Զոհվել էին բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները, ընդհանուր առմամբ՝ 96 մարդ:

Ռուսական կողմը մինչ օրս պնդում է, որ աղետի պատճառը եղել է մարդկային գործոնը՝ մանրամասնելով, որ թռիչքի ընթացքում ինքնաթիռը մի քանի անգամ տեղեկություն է ստացել, որ վայրէջքն անհնար է՝ եղանակային վատ պայմանների պատճառով, անձնակազմը, սակայն, պահեստային օդանավակայան գնալու որոշում չի կայացրել:

Զոհված նախագահի եղբայրը՝ Լեհաստանի նախկին վարչապետ, խորհրդարանում այժմ մեծամասնություն ունեցող «Օրենք և արդարություն» կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին, մինչդեռ, այս պնդումների հետ համաձայն չէ:

Երկու տարի առաջ՝ հաղթելով խորհրդարանական ընտրություններում, կուսակցության ներկայացուցիչները նոր թափ տվեցին հետաքննությանն ու ձևավորեցին ենթահանձնաժողով՝ աղետի հանգամանքներն ուսումնասիրելու համար:

Ամիսներ առաջ Լեհաստանի գլխավոր դատախազությունը նոր մեղադրանքներ ներկայացրեց ռուսական կողմին, պնդելով, թե ռուս դիսպետչերներն ամեն ինչ արել են աղետը ոչ թե կանխելու, այլ դրան նպաստելու համար, ավելին, ըստ լեհական դատախազության, կործանման պահին ռուս դիսպետչերների կողքին եղել է նաև ինչ-որ երրորդ անձ, որը ուղղորդել է նրանց ու հետևել գործողություններին:

Պաշտոնական Կրեմլը կտրականապես հերքում է այս մեղադրանքները: «Ողբերգության հանգամանքներն արդեն բավականին լրջորեն ուսումասիրվել են, քննվել, և նման եզրահանգումների հետ անհնար է համաձայնել», - ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG