Մատչելիության հղումներ

Չինաստանի դեսպանության նոր շենքն արտացոլում է մեր հարաբերությունների նոր որակը․ ՉԺՀ դեսպան


Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգ, Երևան, 9-ը օգոստոսի, 2017 թ․

Երևանում Չինաստանի դեսպանատան նոր՝ մոտ 40 հազար քառակուսի մետր տարածք ընդգրկող շենքի կառուցումը վկայում է, որ երկու երկրների հարաբերությունները նոր բնույթ են ստացել: Այսօր, «Ազատության» հարցին ի պատասխան, այս մասին ասաց Հայաստանում Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը:

Այսօր կեսօրին մոտ Երևանում կայացավ Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությունը, որին ներկա էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Չինաստանի արտգործնախարարի՝ Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Լի Հաուիլայը, Հայաստանում Չինաստանի դեսպանը և այլոք:

«Սա մեծ իրադարձություն է: Մեզ համար, իհարկե, ուրախալի իրադարաձություն է: Հայաստանում Չինաստանի դեսպանաատունը նոր շենք կունենա, Չինաստանն ավելի լավ ներկայացված կլինի այս երկրում: Եվ սա, իհարկե, օրինաչափ է, որովհետև մեր համագործակցության մասշտաբը, բնույթը արագ զարգանում են: Բնականաբար, այդ ամենը պահանջում է ավելի շատ ջանք ու մարդկանց ներկայություն, ուստի՝ դեսպանության ավելի մեծ շենք»,- ասաց Չինաստանի դեսպան Թիեն Ըրլոնգը:

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, Երևան, 9-ը օգոստոսի, 2017 թ․
Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Չինաստանի դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը, Երևան, 9-ը օգոստոսի, 2017 թ․

Հայաստանի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ. ապրիլից: Նույն թվականի հուլիսից Երևանում գործում է Չինաստանի դեսպանությունը: Հայաստանը միայն չորս տարի անց՝ 1996 թ․ օգոստոսին կարողացավ Պեկինում դեսպանություն բացել:

Թիեն Ըրլոնգին հարցրեցինք՝ արդյո՞ք այս տարածաշրջանը Չինաստանի համար դառնում է ավելի կարևոր, ու նաև դրանով է պայմանավորված Երևանում դեսպանության նոր շենքի կառուցումը: Դեսպանը հետևյալ պատասխանը տվեց․ «Նշեմ, որ ավելի քան 120 երկրի համար Չինաստանը թիվ մեկ առևտրային գործընկերն է, ուստի մեր համագործակցության մասշտաբներն ընդլայնվում են: Ընդլայնվում է մեր համագործակցությունը նաև Հարավային Կովկասի երկրների, հատկապես Հայաստանի հետ:

Ինչպես ասացի, և Հայաստանի արտգործնախարարն էլ այսօր իր ողջույնի խոսքում նշեց, Երևանում Չինաստանի դեսպանության նոր շենքն արտացոլում է Չինաստանի ու Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների, մեր համագործակցության իրական ծավալը և լավ հեռանկարները»:

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության համաձայն, այս տարվա առաջին կիսմակայում երկու երկրների միջև առևտուրը կազմել է 243,1 միլիոն դոլար, ինչը 34,9 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվածի համեմատ: Այդ ցուցանիշով Չինաստանը Հայաստանի երրորդ առևտրային գործընկերն է Ռուսաստանից ու Եվրամիությունից հետո:

«Հայաստանի հետ մեր համագործակցությունը զարգանում է բնականոն կերպով, համաձայն նախատեսված ծրագրի: Եթե խոսենք նոր նախաձեռնությունների մասին, ապա կնշեի «Մետաքսե ճանապարհ» անվամբ երկաթգծի շինարարությունը, որը հայտնի է նաև «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» անվամբ: Այդ նախաձեռնության նպատակն է ընդլայնել Չինաստանի համագործակցությունը եվրասիական մայրցամաքի հետ: Հայաստանն այն երկիրն է, որի տարածքով հնագույն ժամանակներում անցնում էր մետաքսե ճանապարհը»,- շարունակեց Թիեն Ըրլոնգը:

«Ազատության» հարցին՝ արդյո՞ք այդ երկաթգիծն անցնելու է Հայաստանի տարածքով, դեսպանն արձագանքեց․ «Չեմ կարծում․․․ նկատի ունեմ այս տարածաշրջանի հետ համագործակցությունը: Իսկ ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին՝ ավտոմոբիլային ճանապարհ, հնարավոր է՝ օդային կապ, երկաթգիծ, բնականաբար, այս հարցերով համագործակցության ընդլայնումը մեր օրակարգում է և ակտիվ կերպով քննարկվում է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG