Ռուսաստանցի քաղաքացիական ակտիվիստ Իլդար Դադինը Ռուսաստանի իշխանությունների դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն ծեծի ենթարկելու տեսանյութը լրատվամիջոցներին փոխանցելու համար:
Նրա փաստաբանը նշել է, որ խախտվել է իր պաշտպանյալի անձնական կյանքի գաղտնիությունը: Կարելիայի մեկուսարանի տարածքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը, որտեղ նա ծեծի էր ենթարկվել, հայտնվել էր ռուսական լրատվամիջոցներում առանց Դադինի համաձայնության:
Հունիսին Մոսկվայի դատարանը մերժել էր նրա հայցը ընդդեմ Քրեակատարողական հիմնարկների դաշնային ծառայության: Ակտիվիստը նաև 350 հազար ռուբլի փոխհատուցում էր պահանջել:
Իլդար Դադինը 2015 թվականին դատապարտվել էր երեք տարվա ազատազրկման՝ չարտոնված հանրահավաքներին մասնակցելու մեղադրանքով: Նա այդ հոդվածով Ռուսաստանում դատապարտված առաջին մարդն է: Անցած տարվա նոյեմբերին ակտիվիստը հայտնել էր, որ մեկուսարանում ծեծի և խոշտանգումների է ենթարկվել հսկիչների կողմից: Ռուսաստանի Սահմանադրական դատարանի ցուցումով Գերագույն դատարանը չեղարկել է առաջին ատյանի դատավճիռը, և այս տարվա փետրվարի 26-ին Դադինը ազատ է արձակվել:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կազմակերպությունները Իլդար Դադինին ճանաչել էին քաղբանտարկյալ: