Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վիկտոր Մուժենկոն հայտարարել է, թե Դոնբասում կառավարական զորքերի դեմ շուրջ 40 հազար մարդ է կռվում, այդ թվում՝ «զինյալներ, վարձկաններ և ռուսական բանակի կադրային ծառայողներ»: Ուկրաինացի գեներալը նաև պնդել է, թե Ռուսաստանը շարունակում է զինամթերք ու զինտեխնիկա տրամադրել անջատականներին, այդ թվում՝ հրետանի, տանկեր ու անօդաչու թռչող սարքեր:
Դոնբասում արդեն երրորդ տարին շարունակվող մարտերի հետևանքով ավելի քան երեք հազար խաղաղ բնակիչ է զոհվել: Պաշտոնական Կիևն ու Արևմուտքը մեղադրում են Ռուսաստանին՝ անջատողականներին ռազմական օգնություն տրամադրելու մեջ: Կրեմլը հերքում է այդ մեղադրանքները, չնայած տեղում ռուս զինծառայողների ձերբակալման ու ռուսական զինտեխնիկայի առգրավման բազմաթիվ դեպքերին: