Մատչելիության հղումներ

Միխեիլ Սաակաշվիլին հայտնվել է Լիտվայում


Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսայի նահանգի նախկին ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին այցելել է Լիտվա:

Օգոստոսի 8-ին նա միացել է Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան դիմաց անցկացված բողոքի ակցիային, որը լիտվացի քաղաքական գործիչները, ակտիվիստները կազմակերպել էին ռուս-վրացական պատերազմի 9-րդ տարելիցի կապակցությամբ:

Սաակաշվիլին, շնորհակալություն հայտնելով, մերժել է իրեն Լիտվայի քաղաքացիություն շնորհելու՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Պետրաս Աուստրիցիվուսի առաջարկը՝ ասելով, թե դրա կարիքը չունի:

Վիլնյուսում ևս Սաակաշվիլին պնդել է, որ ինքը ճամփորդում է ուկրաինական անձնագով և որ իրեն քաղաքացիությունից զրկելու՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի որոշումը անօրինական է:

Նախօրեին Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում նա հարցազրույց էր տվել «Ազատություն» ռ/կ-ի ռուսական ծառայությանը, որի ընթացքում նաև ասել է, թե կպայքարի դատարանի միջոցով իր քաղաքացիությունը վերականգնելու համար:

Ուկրաինայի սահմանապահ ծառայության պետի տեղակալ Վասիլի Սերվատյուկը ասել է, որ եթե Սաակաշվիլին փորձի վերադառնալ Ուկրաինա, ապա նրա անձնագիրը կառգրավվի ու կարգելվի նրա մուտքը երկիր:

Բարեփոխական, արևմտամետ Միխեիլ Սաակաշվիլին 2004-2013 թվականներին Վրաստանի նախագահն էր: Այն բանից հետո, երբ հայրենիքում նրա դեմ քրեական հետապնդումներ սկսվեցին, Սաակաշվիլին 2015-ին Ուկրաինայի քաղաքացիություն էր ստացել և նշանակվել Օդեսայի նահանգապետ: 2016-ի աշնանը նա հրաժարական տվեց նահանգապետի պաշտոնից՝ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին մեղադրելով կոռուպցիայի դեմ պայքարում բավարար ջանքեր չգործադրելու համար: Սաակաշվիլին Ուկրաինայում ընդդիմադիր նոր շարժում էր սկսել, սակայն երկու շաբաթ առաջ Պորոշենկոն նրան զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից:

Չնայած պաշտոնական Կիևը նրա անձնագիրը անվավեր է ճանաչել, Սաակաշվիլին օգոստոսի սկզբին ԱՄՆ-ից ճամփորդել է Լեհաստան, իսկ այսօր նա Վիլնյուսում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG