Մատչելիության հղումներ

Մոսկվան ցանկանում է կրճատել դոլարից կախվածությունը, փորձագետները դա անիրագործելի են համարում


ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, Պսկով, 30-ը մայիսի, 2017թ.
ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկով, Պսկով, 30-ը մայիսի, 2017թ.

«Այլապես մենք միշտ կախված կմնանք նրանց այդ կարթից»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Կոնգրեսի սահմանած պատժամիջոցները վավերացնելուց հետո ռուսական կողմը քննարկում է հնարավոր պատասխանների տարբերակները: Խոսքը ոչ միայն դիվանագիտական, այլև այլ ոլորտներ ընգրկող քայլերի մասին է: Ռուսաստանյան պաշտոնյաներն ու փորձագետները նկատել են տալիս՝ Մոսկվան կփորձի կրճատել կախվածությունը ամերիկյան դոլարից:

ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը Международная жизнь հանդեսին երեկ տված հարցազրույցում ասել է, թե Ռուսաստանն ակտիվացնում է ներկրումը սեփական արտադրանքով փոխարինելու և ամերիկյան վճարային համակարգերից ու որպես հաշվապահական արժույթ կիրառվող դոլարից կախվածությունը կրճատելու աշխատանքը: «Այլապես մենք միշտ կախված կմնանք նրանց այդ կարթից»,- ասել է փոխնախարարը՝ միաժամանակ հույս հայտնելով, թե գործը երկու գերտերությունների առճակատմանն, այնուամենայնիվ, չի հասնի:

Կապիտալիստներին մահացու հարված հասցնելու երազանք

Ազգայնականորեն տրամադրված ռուսաստանյան մեկնաբաններն այժմ պնդում են, որ դոլարից հրաժարումը մեծ վնաս կտա Ամերիկային ու ամբողջ Արևմուտքին, Մոսկվային էլ վերջապես կընձեռի աշխարհաքաղաքական թիվ մեկ հակառակորդին ոչ թե ցավոտ, այլ «գրեթե մահացու» հարված հասցնելու հնարավորություն: «Մենք սովոր ենք օգուտով դուրս գալ ծանր վիճակներից»,- նաև հավաստիացրել էր ՌԴ արտաքին գործոց փոխնախարար Ռյաբկովը:

Մինչդեռ, ֆինանսական փորձագետները նշում են, որ 2014 թվականից ի վեր արևմտյան պատժամիջոցները մեծ վնաս են հասցրել Ռուսաստանի տնտեսությանը, որն այժմ էլ բարդ վիճակում է, թեպետ անցած տարեվերջին որոշակի վերականգնում էր նկատվել:

Мир-ն աշխարհում ոչ մի ազդեցություն չունի

Ռուսաստանն արդեն տարիներ շարունակ փորձում է թուլացնել կախվածությունն արևմտյան ֆինանսական կառույցներից: Դրա համար երկրում ներդրվել է վճարման նոր ազգային միջոց, որը թույլ կտա մեղմել կախվածությունը Visa, MasterCard և վճարումների այլ արևմտյան համակարգերից, քանի որ վճարային քարտեր թողարկող արևմտյան ընկերությունները Ղրիմի բռնակցումից հետո դադարեցրել են ռուսական որոշ բանկերի սպասարկումը: Խոսքը «Միր» (Мир) համակարգի մասին է, որի սեփականատերը Ռուսաստանի կենտրոնական բանկն է: «Քո քարտն ազատ է դրսի գործոններից: Ստեղծված է Ռուսաստանում» հավաստիացնում է «Միր» քարտի գովազդը:

Այսօրվա դրությամբ արտադրվել է մոտ 14 միլիոն քարտ․ այդ թիվը համապատասխանում է ՌԴ բնակչության մոտ 10 տոկոսին: Քարտերը թողարկում են 120 բանկեր: Երկրում խանութների, ռեստորանների, սրճարանների և ծառայություն մատուցող այլ հաստատությունների մեծ մասն ընդունում է «Միր» քարտը: Այն կիրառվում է նաև Ղրիմում, որտեղ արևմտյան բանկերն ընդհանրապես չեն կարող աշխատել:

Սակայն ռուսական «Միր»-ը միջազգային ասպարեզում գրեթե զրոյական տեղ է գրավում և որևէ ազդեցություն չունի, իսկ արևմտյան երկրներում այդ քարտով կատարվող բոլոր գործառույթները հաշվարկվում են դոլարով կամ եվրոյով: Տնտեսագետներն ու ֆինանսիստները նշում են, որ դոլարից հրաժարվելու՝ առաջին հայացքից շատ արդյունավետ և տպավորիչ թվացող ռուսների ցանկությունը չափազանց դժվար է իրականացնել:

Առանցքային արտադրանքը, միևնույն է, դոլարով է հաշվարկվում

Պատճառները մի քանիսն են: Միջազգային շուկաներում առավել մեծ պահանջարկ ունեցող արտադրանքը՝ նավթը, գազը, ուրանը, երկաթը, պողպատը, պլատինը, ոսկին, արծաթը, ալմաստը, այլ հանածոները, ցորենը, սուրճը, թեյը, բազմաթիվ այլ ապրանքներ՝ հումքից մինչև համակարգչային միկրոպրոցեսորներ, այդ ամենի գինը առևտրային գործարքներում հաշվարկվում է դոլարով: Այն, ինչ գնում են եվրոյով կամ յուանով, կամ թեկուզ ռուսական ռուբլով, միևնույն է՝ նախ դրա գինը նկատի են ունենում դոլարով:

Մյուս գործոնն այն է, որ Ռուսաստանի ոսկու և արտարժույթի պաշարների մեծ մասը ներդրված են դոլարով, և դրանք ներդրված են մի քանի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի պետական պարտատոմսերի մեջ: Պատկերավոր ասած՝ դոլարները տեղավորել են տան նկուղում և դրանցից ազատվելու համար ցանկանում են պայթեցնել նկուղը: Այս տարվա մայիսի դրությամբ՝ Ռուսաստանն ուներ 108 միլիարդ դոլարի ամերիկյան պետական պարտատոմսեր:

«Ռուսաստանը չի կարող փոխել համաշխարհային ֆինանսական պատկերը»

«Մետալինվեստ» բանկի վալյուտային գործողությունների բաժնի ղեկավար Սերգեյ Ռոմանչուկի խոսքով՝ փոխնախարար Ռյաբկովի մեկնաբանություններն առավելապես զգացական-քարոզչական բնույթի են, քանի որ ներկայիս վալյուտային համակարգը թե՛ հաշվարկների, և թե՛ կուտակած պաշարների առումով էապես փոխելու հնարավորություն չկա:

Ռուսաստանի տնտեսական ինստիտուտի պրոֆեսոր Օլեգ Շիբանովն էլ ասել է՝ չնայած ռուսական ազգային վճարային համակարգի առկայությանը, միջազգային շուկայում այն շատ համեստ տեղ ունի և տեսանելի ապագայում ոչինչ չի փոխվի: Պրոֆեսորի համոզմամբ, Ռուսաստանը չի կարող փոխել համաշխարհային ֆինանսական պատկերը:

«Օրինակ, մենք կարող ենք Չինաստանի հետ առևտրում անցնել ռուբլու կամ յուանի, բայց հարց է ծագում՝ ի՞նչ են անելու մեր նավթա-գազային ընկերություններն այդ տարադրամի հետ, չէ՞ որ պարտքերի սպասարկումը կամ սարքավորումների ձեռքբերումը միևնույն է՝ դոլարով է, ուրեմն ընկերությունները ստիպված կլինեն նախ ռուբլով կամ յուանով դոլար գնել»,- ասել է ռուս պրոֆեսորը РБК պարբերականին:

Ռուսաստանն առևտրի առումով ԱՄՆ-ի համար մեծ նշանակություն չունի

Փոխարտգործնախարար Ռյաբկովը համոզված է, որ ամերիկացի օրենսդիրները կազմել և ընդունել են հակառուսական նոր պատժամիջոցներն ու դրանք պարտադրել նախագահ Թրամփին միայն այն պատճառով, որ Ամերիկան Ռուսաստանի հետ մեծ առևտուր չունի:

2013 թվականին երկու երկրների փոխադարձ առևտրի ծավալը 38 միլիարդ 100 միլիոն դոլար էր, 2014-ին, երբ արդեն ուժի մեջ մտան Ուկրաինայի հարցով սահմանված պատժամիջոցները՝ այդ ցուցանիշը նվազեց 20 միլիարդ 300 միլիոնի, մինչդեռ, օրինակ, Եվրամիության հետ ԱՄՆ-ի առևտուրը հասնում է 3 տրիլիոն 600 միլիարդի, իսկ Չինաստանի հետ՝ 687 միլիարդի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG