Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն հերքում է երեխային վիրավորելու մասին ադրբեջանցիների պնդումները


Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում
Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրը Երևանում

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքում է երեկ երեկոյան ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված տեղեկությունը, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական Գարալար գյուղի ուղղությամբ՝ արդյունքում վիրավորելով 13-ամյա մի երեխայի։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարում է, որ երեկ երեկոյան և անցած գիշերվա ընթացքում հայկական զինված ուժերը, հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով, որևէ զինատեսակից կրակ չեն բացել։

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը երբեք և որևէ պարագայում նշանառության տակ չեն վերցնում խաղաղ բնակավայրերը։

Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկատվությանը զուգահեռ նաև լուսանկարներ էին հրապարակել։

«Ադրբեջանական քարոզչամեքենայի կեղծիքն ի հայտ է գալիս նույնիսկ իրենց տարածած լուսանկարներում, ուր պարզ երևում է, որ երեխայի վերքերն ակնհայտորեն հին են և որևէ կապ չեն կարող ունենալ օգոստոսի 7-ին իբր ստացած բեկորային վնասվածքների հետ», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությանը կոչ է անում՝ «զերծ մնալ նոր արկածախնդրություններից», ինչպես նաև նախազգուշացնում, որ «որևիցե սադրանքի պարագայում հայկական կողմը դիմելու է պատասխան կոշտ գործողությունների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG