Մատչելիության հղումներ

Մտավոր հետամնացություն ունեցող զորակոչիկի մայրն ահազանգում է՝ որդին կարող է խնդիրներ ստեղծել Զինված ուժերում


Տասն օր առաջ բանակ զորակոչված Մհեր Հարությունյանի ընտանիքում ավանդական խնջույքի սեղանի շուրջ չեն հավաքվել: Զորակոչից հետո հոգեբուժական դիսպանսերում գրանցված 18-ամյա երիտասարդի մայրը ավելի մեծ համառությամբ է շարունակել դիմում-բողոքներ հղել տարբեր գերատեսչությունների՝ պնդելով՝ հիվանդ որդին ուղղակի չի կարող ծառայել։ Բանակ գնալուց մի քանի օր անց նորակոչիկին Ստեփանակերտի հոսպիտալ են տեղափոխել՝ ինքնազգացողության վատացման պատճառով:

«Ես շեշտել եմ կամիսիաների մոտ [խմբ․ բժշկական զննության ժամանակ], որ երբ երեխայի մոտ էդ ներվային պահերը սկսվումա, միանգամից գլխացավ ու սրտի աշխատանքի դժվարացում, վատացում, ծակոցներ, ցավ է ունենում», - «Ազատության» հետ զրույցում պատմեց Աստղիկ Բեգյանը:

Բժշկական փաստաթղթերի համաձայն՝ երևանաբնակ Մհեր Հարությունյանը մտավոր հետամնացություն ունի, որը դրսևորվել է դեռ մանկության տարիներից։ Մանկական տարիքում նա գտնվել է մանկաբույժ-հոգեբույժի հսկողության տակ, չափահաս դառնալուց հետո էլ հաշվառվել հոգեբուժարանում և մինչ զորակոչվելը ամեն օր հոգեմետ դեղեր է ընդունել։

«Ինքը նույնիսկ չգիտի ինչ դեղը օրվա որ ընթացքում խմբի կամ որ դեպքում խմբի», - ասում է զինծառայողի մայրը:

Աստղիկ Բեգյանը ցույց է տալիս բժշկական փաստաթղթերն ու պնդում՝ որդուն բանակ զորակոչելու համար ախտորոշումը մեղմացրել են:

Դեռ 2016 թվականին և դրանից առաջ Հարությունյանի բժշկական փաստաթղթերում նշվում է՝ չափավոր աստիճանի մտավոր հետամնացություն կոպիտ վարքային խանգարումներով։ Բայց ամիսներ առաջ՝ երբ մոտեցել է նրա ծառայության ժամկետը, զինվորական կոմիսարի ուղեգրով նա հետազոտվել է Նուբարաշենի հոգեբուժարանում։ Արդյունքում 6 հոգուց կազմված ռազմաբժշկական հանձնաժողովը ախտորոշել է թեթև աստիճանի մտավոր հետամնացություն և Մհեր Հարությունյանին ճանաչել ծառայության համար պիտանի։

Մայրը պատմում է, որ Լեռնային Ղարաբաղ զորակոչված որդու հարցով անգամ զորամասի հրամանատարն է զանգահարել իրեն․ - «Անընդմեջ լաց ա լինում: Էն կարգի, որ հրամանատարը զանգել՝ ասում ա՝ այ տիկին ջան, էս ի՞նչ երեխա են ուղարկել: Ասում ա՝ շարք չեմ ուզում կանգնել, ինչի՞ համար են ինձ րոպեն մեկ հանում՝ շարք կանգնի: Ինքը էդքանը չի էլ հասկանում: 10 տարեկան երեխային որ ասեն՝ պիտի շարք կանգնես, որ պրիսյագի օրը գեղեցիկ լինի, ինքը կընդունի՞, որ հա»:

Աստղիկ Բեգյանը ցավով է նշում, որ որդին ագրեսիվ վարքագիծ ունի՝ դպրոցում վատ է սովորել, ընկերներ չունի, անգամ ընտանիքի անդամների հանդեպ է ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերում։

Պատասխանելով Աստղիկ Բեգյանի նամակին՝ Հայաստանի զինվորական կոմիսար Հենրիկ Մուրադյանը գրել է՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի փորձաքննության արդյունքների համաձայն Մհեր Հարությունյանը ճանաչվել է պիտանի զինվորական ծառայությանը՝ սահմանափակումով։

Մինչդեռ մայրը զգուշացնում է՝ հիվանդ որդին անկախ իր կամքից կարող է խնդիրներ ստեղծել Զինված ուժերում։

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այժմ Ստեփանակերտի հոսպիտալում գտնվող Մհեր Հարությունյանի հետագա ծառայության հարցը կախված կլինի հետազոտությունների արդյունքներից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG