Մատչելիության հղումներ

«Ելք»-ը առաջարկում է անվանափոխել բոլշևիկների անունները կրող փողոցներն ու դպրոցները


Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը առաջարկում է անվանափոխել մայրաքաղաքի այն փողոցներն ու դպրոցները, որոնք կրում են բոլշևիկների անուններ:

Ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց՝ սեպտեմբերին մեկնարկող նիստերին պատրաստվում են սկսել քննարկումները: Հարությունյանի խոսքով, իշխանությունների ներսում «մեծ դիմադրություն կա»՝ ստալինյան ժամանակաշրջանի Խորհրդային Հայաստանի գործիչների՝ Ալեքսանդր Մյասնիկյանի, Սարգիս Կասյանի, Անաստաս Միկոյանի անունները կրող փողոցների անվանափոխման հետ կապված:

«Որովհետև մասամբ նաև նրանց մի մասը այս արժեհամակարգի՝ այդ կոմունիստական, բռնատիրական համակարգի արժեքների կրողներ են, և բնական է, որ այդ դիմադրությունը պետք է լինի», - նշեց «Ելք»-ի ներկայացուցիչը: - «Դիմադրություն կա նաև այն պատճառով, որ եղել է մի դեպք, երբ ես պաշտոնյաներից մեկի հետ քննարկում էի, թե ինչու են դիմադրում Լենինգրադյան փողոցը Ազգալդյանի անունով անվանափոխելու հետ կապված, նա մի օրինակ բերեց, ասաց՝ հիշո՞ւմ եք, երբ մենք Նժդեհի արձանը դրեցինք, քննադատության տեղատարափ եղավ ռուսական մամուլում Հայաստանի հասցեին: Դուք պատկերացնում եք, եթե մենք Լենինգրադյան փողոցի անունը փոխենք, ինչպիսի արշավ կլինի մեր դեմ», - հավելեց Արայիկ Հարությունյանը:

Երեք տարի առաջ մեծ աղմուկ բարձրացավ, երբ Հանրապետական մեծամասնություն ունեցող Երևանի ավագանին որոշեց մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տեղակայել Անաստաս Միկոյանի արձանը: Հանրային ճնշման արդյունքում իշխանությունները հետ կանգնեցին որոշումից:

1999թ․-ից Հայաստանում իշխող Հանրապետական կուսակցության գաղափարախոս Գարեգին Նժդեհը 11 տարի անցկացրել է խորհրդային բանտում և իր մահկանացուն կնքել է այնտեղ:

Հարությունյանի խոսքով, հանրության շրջանույան տեղեկության պակաս կա՝ բազմաթիվ մարդիկ պարզապես անտեղյակ են, թե ստալինյան ժամանակաշրջանի բռնաճնշումներին ինչ առնչություն են ունեցել հայազգի բոլշևիկները:

«Երբ որ մենք ունենք Միկոյանի անվան փողոց, դա նշանակում է, որ մենք գնահատում ենք այն բացասական ներդրումը, որ ունեցել է այս մարդը մեր պատմության մեջ: Նրա ստորագրությամբ բազմահազար հայեր գնդակահարվել են կամ աքսորվել են», - հիշեցնում է «Ելք»-ի ներկայացուցիչը: - «Ովքեր չգիտեն, ասեմ, որ Կասյանը 20-21թթ․ նախաձեռնել է Առաջին հանրապետության զինվորականների՝ սպաների գնդակահարությունը: Այսինքն, այդ ժամանակահատվածի մեր զինվորական ղեկավարությունը գլխատվել է նաև Կասյանի միջամտությամբ, մինչդեռ նրա անունով մենք փողոց ունենք: Իհարկե, նրան էլ են 37 թվականին գնդակահարել, բայց դա նրան չի փրկում այդ մեղքից», - հավելեց Արայիկ Հարությունյանը:

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ, ճարտարապետ Լևոն Իգիթյանը այսօր «Ազատության» հետ հեռախոսազրույցում բավականին կտրուկ արձագանքեց «Ելք»-ի նախաձեռնությանը:

«Մենք Երևանում ունենք Մյասնիկյանի պողոտա: Այդ «Ելք» խմբակցությունը Մյասնիկյանի չափ գործ արած կա՞ն իրենց կյանքում, որ այսօր կարող են այդպես հարցնել: Այդ ո՞վ ասաց, որ կոմունիստները բոլորը սրիկա և անարժան մարդիկ էին: Մինչև սեպտեմբեր մենք արձակուրդի մեջ ենք, երբ նիստերը կսկսվեն, իրենք պաշտոնապես այդ հարցը կդնեն քաղաքապետարանում, այնտեղ մենք շատ անկեղծ, շատ կտրուկ խոսակցություն կունենանք ամեն անվան շուրջ: Այդ պստիկ մարդիկ թող իրենց քաշից ավելի բեռ չվերցնեն իրենց վրա», - ասաց Իգիթյանը: - «Հեշտ է խոսելը պոստ-ֆակտում: Դա ասողի պապը՝ այն ժամանակ ապրող պապը՝ ինչո՞վ է զբաղվել: Այս կոմունիստական ռեժիմը այս երկրի համար ոչինչ չի՞ արել: Մենք մինչև այսօր կոմունիստական ռեժիմի ստեղծածով ենք ապրում, իմիջիայլոց»:

Պատասխանելով Իգիթյանին՝ Արայիկ Հարությունյանը բերեց իր ընտանիքի օրինակը․ - «Միկոյանի ստորագրությամբ իմ հոր և մոր չորս պապերից երեքը գնդակահարվել են 37 թվականին: Մյուս պապը և իմ տատը 49 թվականին աքսորվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG