Իրանի ամենաազդեցիկ ուժային կառույցներից մեկը` Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հայտարարել է երկրի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած բախումների մասին:
Կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար գեներալ Մոհամադ Փաքփուրի տեղեկություններով՝ այդ բախումների ընթացքում «երկու զինյալ սպանվել է, ևս չորսը՝ վիրավորվել»:
Բախումները տեղի են ունեցել Իրանի քրդաբնակ շրջաններում` Իրաքի և Թուրքիայի հետ սահմաններից ոչ հեռու: Վերջին ամիսներին իրավիճակն այստեղ զգալիորեն սրվել էր, հուլիսին տեղի ունեցած ընդհարումների ընթացքում Իրանի զինված ուժերը սպանել էին քրդական ջոկատների երեք մարտիկների: