Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հանդիպել են Թեհրանում, որտեղ մասնակցում են Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդման հանդիսավոր արարողությանը:
Ռոգոզինն, ով Մերձդնեստրի համակարտության կարգավորման հարցով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հատուկ բանագնացն է, այսօր Թվիթերի իր էջում՝ չմանրամասնելով հաղորդել է, որ Դոդոնի հետ հանդիպել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանատանը:
Դոդոնն աջակցում է Ռուսաստանի և Մոլդովայի առավել սերտ ինտեգրմանը, մինչդեռ Մոլդովայի կառավարությունը Եվրամիության հետ ինտեգրման ծրագրի կողմնակից է:
Մոլդովայի կառավարությունը վերջերս Ռոգոզինին հռչակել է persona non grata՝ անցանկալի անձ:
Ռոգոզինը փորձել է հուլիսի 28-ին այցելել Մերձդնեստր և մասնակցել այդ տարածքում ռուսների «խաղաղապահ առաքելության» 25-ամյակին նվիրված միջոցառմանը, սակայն տեղ չի հասել, քանի որ Ռումինիան արգելել է Ռոգոզինին փոխադրող ինքնաթիռի մուտքն իր օդային տարածք:
Պաշտոնական Բուխարեստն այդ որոշումը պատճառաբանել է այն հանգամանքով, որ Ռուսաստանի փոխվարչապետը ռուս-ուկրաինական հակամարտության կապակցությամբ հայտնվել է պատժամիջոցների ենթարկված պաշտոնյաների ցանկում: