Ռուսաստանցի փրկարարները շարունակում են որոնել երկրի ամենախոշոր ալմաստի հանքում վթարից հետո անհետ կորած համարվող ութ հանքափորների:
Սախա-Յակուտիայի շրջանում ստորգետնյա ջրերը երեկ երեկոյան լցվել են «Միր» հանքը: Վթարի պահին այնտեղ աշխատել է 142 հանքափոր: 133 հանքափորներ կարողացել են դուրս բարձրանալ, ևս մեկին, ով ծանր վիճակում է, այսօր առավոտյան են դուրս հանել:
Հանքի մոտակայքում գտնվող Միրնի ավանում արտակարգ դրություն է հայտարարվել: Վթարի վայրում աշխատում է մոտ 40 փրկարար:
Interfax գործակալության փոխանցմամբ, անցած գիշեր մի քանի անգամ հաջողվել է կարճատև ժամանակով կապ հաստատել անհետ կորածների հետ:
Ալմաստի արդյունահանմամբ զբազվող ռուսական ամենախոշոր ընկերությունը՝ «Ալրոսան», հաղորդել է, որ ջրի մակարդակը հանքում իջել է, օդափոխության և էլեկտրամատակարարման համակարգերը շարունակում են աշխատել, հետևաբար, կա ութ հանքափորներին փրկելու մեծ հույս: