Մատչելիության հղումներ

Գերակա շահի «տակ ընկած» վահագնաձորցիներին չեն փոխհատուցում, «Մեզ խաբեցին»


Ճանապարհի շինարարության հետևանքով Վահագնաձոր գյուղում հողատարածք կորցրած բնակիչները դեռ չեն ստացել խոստացված փոխհատուցումը
Ճանապարհի շինարարության հետևանքով Վահագնաձոր գյուղում հողատարածք կորցրած բնակիչները դեռ չեն ստացել խոստացված փոխհատուցումը

Ընդամենը 8 միլիոն դրամ բյուջե և 450 բնակիչ ունեցող Վահագնաձորի գյուղապետ Էդիկ Եղոյանը պատրաստվում է նամակ գրել երկրի նախագահին՝ տեղեկացնելու, որ Վանաձոր-Բագրատաշեն ճանապարհի շինարարության հետևանքով հողակտորներ, բակեր ու բերքատու ծառեր կորցրած գյուղացիների բողոքներին այլևս չի դիմանում, և որ ճանապարհաշինությունն ընթանում է «օրենքի լուրջ խախտումներով»։ 10 օր առաջ գյուղապետի կողմից կառավարություն ուղարկված «գրություն-պահանջն» առ այսօր անպատասխան է․ «Մեզ ընդամենը, կարելի ա ասել, խաբեցին»։

Շինարարությունից առաջ հանրային քննարկումների մասնակցած գյուղապետը պատմում է, որ ներդրողների, շինարարների ու կառավարության անդամների հետ բազմիցս քննարկել է փոխհատուցումների հարցը, հավաստիացումներ է լսել, թե յուրաքանչյուր հողակտորի, ծառի ու թփի կորստի համար գյուղացուն կփոխհատուցեն, մարդիկ դժգոհ չեն մնա։

«Ոչ մի բան չտվեցին, իզուր էլ էդքան ժամանակներս կորցրեցինք, գնացինք հավաքվեցինք։ Էդքան էլ ծախս արեցինք, հասանք Վանաձոր, որ իրանց հանրային լսումներին մասնակցենք։ Իրանք ընդամենը նկարեցին՝ գնացին։ Բայց նկարածներն ու՞ր ա, մեր խոսացածներն ո՞ւր ա, մեր պայմանավորվածներն ո՞ւր ա։ Ո՞ւր ա էդ ամբողջը։ Բա իրանք հետ չեն նայո՞ւմ։ Ո՞ւր են իրանց վերահսկողները»,- հարցեր է հնչեցնում գյուղապետը:

Շինարարությունից ամենաշատը Վահագնաձոր գյուղն է տուժել։ Գյուղի տները հիմնականում մայրուղու աջ ու ձախ կողմերում են։ Անգամ գյուղամեջը, որտեղ մարդիկ հավաքվում են, հենց կառուցվող ճանապարհի վրա է։ Գյուղապետն ասում է՝ չնայած հանրային քննարկումների ժամանակ հնչած խոստումներին, անցած տարի, շինարարությունն սկսելուց առաջ կառավարության ներկայացուցիչները խմբերով գյուղ են եկել ու հայտնել, թե փոխհատուցում չի լինելու։ Հորդորել են՝ առանց հատուցման պահանջի համաձայնել շինարարության մեկնարկին։

«Այսինքն՝ մինչև էդ հանրային գերակա շահ ճանաչված չէր, Մենք էլ համոզելով էս մարդուն, էն մարդուն, ասեցինք՝ հետ տան զաբոռները, թող մարդիկ ճանապարհը սարքեն։ Մեր հանրապետության համար ճանապարհ ա սարքվում։ Բայց եկավ ժամանակը, անցավ համարյա 7-8 ամիս, նոր 25.05.2017 թվականին ճանաչեցին գերակա շահ։ Գերակա շահը մայիսի վերջին ճանաչվել ա, բայց առ այսօր, կարելի ա ասել, էլի աշխատանք չի կատարվել»,- ասում է Էդիկ Եղոյանը:

Այն գյուղացիները, որոնք հանրային նշանակության գործի համար զիջել են իրենց սեփականությունը, շինարարության վերջնական փուլում են միայն տեղեկացել, որ իրենց քանդված տարածքները հանրային գերակա շահի տիրույթ են ճանաչվել, և դրա դիմաց փոխհատուցում կլինի։ Այսօր, սակայն, ո՛չ գյուղապետի, ո՛չ կառավարության արխիվներում գյուղացիների վնասների մասին որևէ հաշվառում չկա․ «Ոչ մի բանից էլ տեղյակ չենք եղել։ Դաժե նախագիծ չունենք, ոչ մի բան չունենք, ոչ փոփոխության, ոչ նախնական։ Ոչ մի բան էլ չկա»։

Սարգսյանների ընտանիքը գյուղում միակն է, որ մինչև վերջ կանգնել ու շինարարներին թույլ չի տվել մոտենալ իրենց տան մատույցներին։ Ընտանիքի անդամներն ասում են՝ անգամ փոխհատուցմանը համաձայն չեն, քանի որ տան բակի հաշվին ճանապարհ կառուցելու դեպքում իրենց կյանքն անհարմար կդառնա, նաև կվտանգվի: «Էս կտորին, ասենք, մի միլիոն տան, ո՞նց ապրենք էս տանը», «Եթե ինձ 10 հա հողամաս էլ տան էսքանի տեղը, ցավդ տանեմ, տունս ա վտանգի տակ ․․․ երեխանց կյանքը», «Ոչ մի տրակտոր ես առաջ չեմ թողալու, անձամբ ես։ Թող ինձ էլ տանեն, նստացնեն, ոչ մի տրանսպորտ առաջ չի գալու»,- ասում են Սարգսյանները:

Հատվածի շինարար՝ «Ճանապարհ» ընկերության գլխավոր տնօրեն Էդուարդ Բեզոյանը տեղյակ է բնակիչների դժգոհություններին, բայց դրանք հիմնազուրկ ու ոչ տեղին է համարում: «Դա լուծված խնդիր է և բարդություն չկա։ Պարզապես որոշ մարդիկ, օգտվելով առիթից, բարդություններ են ստեղծում, որպեսզի շոու սարքեն»,- ասում է Բեզոյանը։ Նա հաստատում է, որ ճանապարհի կառուցման համար յուրացվող տարածքները գերակա շահ են ճանաչվել շինարարությունն սկսելուց 8 ամիս անց, երբ օտարվող հատվածները վաղուց արդեն նախկին տեսքը չունեին, բայց դա բնական է համարում․ «Դրա համար գնահատող հանձնաժողով կա, որտեղ չափագրումների արդյունքում կորոշեն, թե յուրաքանչյուր բնակչից քանի քառակուսի մետր տարածք են իրացրել և այդ իրացման դիմաց նրանց կվճարվի։

Հարցին՝ ինչո՞ւ մինչև շինարարությունը սկսելը դա չի արվել, Բեզոյանը պատասխանեց․ «Էդ գործընթացը էս ընդհանուր շինարարության ընդամենը 0,5 տոկոսն ա, որն ուշացվել ա։ Դա կարելի ա՞ գնահատել, թե գիտես ինչ ա... »: Մինչդեռ Վահագնաձորի գյուղապետ Էդիկ Եղոյանը գործընթացն ուշացնելը համարում է գյուղի մոտ 70 կտոր իրացվող տարածքների տերերի իրավունքների լուրջ ոտնահարում՝ շեշտելով՝ համայնքը զղջում է առանց լիարժեք տվյալների, դատարկ տողերով կազմված շինարարական թույլտվություն տալու համար։

Իսկ մինչ այս հարցերի հետ կապված իրավասու մարմիններից պատասխան կտրվի, ավելի քան 20 տարի համայնքը ղեկավարող գյուղապետը ստիպված է ամեն օր իր փոքրիկ աշխատասենյակում լսել գյուղացիների բողոքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG