Մատչելիության հղումներ

ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են 2016-ի հուլիսյան դեպքերի ժամանակ կալանավորվածներին


«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016թ․
«Սասնա ծռեր» զինված խմբի անդամները ՊՊԾ գնդի տարածքում, հուլիս, 2016թ․

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները չհայտարարված այց են կատարել «Արմավիր», «Վարդաշեն», «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկներ՝ 2016 հուլիսյան իրադարձությունների ժամանակ կալանավորված ավելի քան 30 անձի իրավունքների ապահովման վիճակի և պահման պայմանների մշտադիտարկման նպատակով:

Ըստ հաղորդագրության, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հերթական անգամ ուսումնասիրելու են Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Արամ Մանուկյանի, Վարուժան Ավետիսյանի, Հովհաննես Հարությունյանի, Գագիկ Եղիազարյանի, Մանվել Աթոյանի, Արմեն Լամբարյանի, Անդրիաս Ղուկասյանի, Թաթուլ Թամրազյանի, Աշոտ Պետրոսյանի, Արայիկ Հակոբյանի, հացադուլ հայտարարած Վարդան Գերավետյանի, Տիգրան Մանուկյանի, Վարդգես Գևորգյանի և այլ կալանավորված անձանց առողջական վիճակը, նրանց բժշկական փաստաթղթերը, պահման պայմանները, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքներում բարձրացված հանգամանքները։

Այցից առաջ Պաշտպանի ներկայացուցիչները կապ են հաստատել կալանավորված անձանց փաստաբանների հետ, լսել նրանց մտահոգություններն իրենց պաշտպանյալնների իրավունքների ապահովման վերաբերյալ, որոնք այցի ընթացքում կդառնան առանձին քննարկման առարկա:

Հիշեցնենք՝ «Սասնա ծռեր» կոչվող զինված խումբն անցած տարվա հուլիսի 17-ին գրավել և երկու շաբաթ վերահսկողության տակ էր պահել Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը: Այդ ընթացքում զոհվել է երեք ոստիկան: Հուլիսի 31-ին խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Մեկ տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ ավելի քան 60 մարդ է մեղադրվում, որոնց հիմնական մասին մեղսագրվում է կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով զենք և զինամթերք կրելը, փոխադրելը, շենք շինություններ գրավելը, պատանդ վերցնելը, գույք ոչնչացնելը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG