Մատչելիության հղումներ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը մտադիր է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ խմելու ջրի սակագինը բարձրացնելու համար։ Այս մասին «Ազատությանը» հայտնեց ընկերության մամլո խոսնակ Մուրադ Սարգսյանը։ Վերջինս չմանրամասնեց, թե երբ են ներկայացնելու դիմումը և ինչպես են հիմնավորելու սակագնի վերանայման անհրաժեշտությունը։

Սարգսյանը չպատասխանեց մեր այն հարցին, թե ինչ սակագին են պատրաստվում նշել դիմումում:

Մամուլում շրջանառվող տեղեկության համաձայն, «Վեոլիա Ջուրը» պատրաստվում է ջրի սակագինը 1 խմ-ի դիմաց դարձնել 194 դրամ։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարի 1-ից խմելու ջրի սակագինն արդեն բարձրացել էր Հայաստանի գրեթե բոլոր մարզերի բնակիչների համար՝ հասնելով 180 դրամի 1 խմ-ի դիմաց։ Այդ սակագինը սահմանվել էր 1 տարի ժամկետով:

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախորդ տարեվերջին ողջ հանրապետության ջրային համակարգի վարձակալության արտոնագիրը 15 տարով հանձնեց «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ հաստատելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման նոր միասնական սակագին։

Նշենք, որ այս տարեսկզբից նվազեց էլեկտրաէներգիայի սակագինը, որը ջրի գնի վրա ազդող գործոններից մեկն է։ Ըստ պայմանագրի դրա փոփոխությունը 13 տոկոսով ազդեցություն է ունենալու ջրի բազիսային սակագնի ճշգրտման վրա։

Դեռ նախորդ տարվա դեկտեմբերին, երբ պարզ դարձավ, որ ջրամատակարարման ոլորտը 15 տարով տրվել է «Վեոլիա Ջուր» ընկերությանը և ջրի սակագինը 2017-ի հունվարից թանկանալու է, ընկերության գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն ասել էր, թե սակագնի ճշգրտումը տեղի կունենա առաջին պայմանագրային տարվանից հետո։ Լըֆեն ասել էր, որ իրենց ընկերությունը, որը գործունեություն է ծավալում բազմաթիվ երկրներում, երկու տեղ է, որ աշխատում է նման ցածրագույն սակագնով՝ Հայաստանում և Հնդկաստանում։ Կրիստիան Լըֆեն վստահեցրել էր, որ սեփական միջոցների, նաև միջազգային ներդրողների հաշվին աշխատելու են, որպեսզի բարելավվի սպասարկման որակն ու ջրամատակարարումը դառնա շուրջօրյա։

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանն էլ հայտարարել էր, թե «Վեոլիա Ջրի» հետ կնքված պայմանագրի համաձայն, սակագները վերանայվելու են ամեն տարի․ - «Վարձակալության երկրորդ տարվանից սկսած, բազիսային սակագները ենթարկվելու են ճշգրտման՝ մանրածախ ջրամատակարարման ծավալների տատանումները, սղաճը և էլեկտրաէներգիայի սակագնի փոփոխությունը հաշվի առնելու համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG