Մատչելիության հղումներ

Անկարան և Պեկինը սերտացնում են հարաբերությունները


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլու, արխիվ

Թուրքիան և Չինաստանը սերտացնում են համագործակցությունը` նախևառաջ անվտանգության ոլորտում: Այս մասին երկու երկրների արտաքին գործերի նախարարները հայտարարում էին երեկ` Մևլութ Չավուշօղլուի Պեկին այցի ընթացքում:

Թուրքիայի արտաքին գործերի նախարարը Չինաստանի մայրաքաղաք էր ժամանել թուրք-չինական երկկողմ կոնսուլտացիոն մեխանիզմի շրջանակում կազմակերպված թվով երկրորդ նիստին մասնակցելու նպատակով:

«Չինաստանի հետ կապերը մեզ համար խիստ կարևոր են: Չինաստանի անվտանգությունը մեզ համար նույնքան կարևոր է, որքան Թուրքիայի անվտանգությունը: Մենք երբեք թույլ չենք տա, որ Չինաստանի դեմ ուղղված որևէ գործողություն իրականացվի Թուրքիայի տարածքից», - հայտարարում էր Չավուշօղլուն:

Տարիներ շարունակ Անկարայի և Պեկինի հարաբերություններում առկա գլխավոր տարաձայնությունները վերաբերում էին Չինաստանում մահմեդականություն դավանող ամենամեծ էթնիկ խմբի` ույղուրների ճակատագրին: Թուրքիան միջազգային ասպարեզում ավանդաբար հանդես էր գալիս որպես Սինցզյանի ինքնավար շրջանում բնակվող ույղուրների գլխավոր պաշտպանը: 2009-ին, երբ Սինցզյանում հերթական բախումները ծագեցին չինացիների և տեղացի մահմեդական բնակչության միջև, այն ժամանակ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ռեջեփ Էրդողանը Պեկինի գործողությունները «ցեղասպանություն» որակեց: 2015-ին էլ, ույղուրների դեմ ճնշումների հերթական փուլից հետո, Ստամբուլում հակաչինական բողոքի ակցիաներ էին կազմակերպվել, որոնք ավարտվեցին չինացի զբոսաշրջիկների դեմ հարձակումներով:

Այսօր, սակայն, Անկարան զգալիորեն փոխել է իր դիրքորոշումը` հրաժարվելով անգամ ույղուրների շահերը ներկայացնող գլխավոր կառույցներից մեկի` Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժման հետ համագործակցությունից: Ակնհայտ է, որ պաշտոնական Պեկինը Անկարայի դիրքորոշման նման փոփոխությունը բավական բարձր է գնահատում:

«Ահաբեկչության դեմ պայքարի և ընդհանուր անվտանգության ամրապնդման ոլորտներում մեր համագործակցության խորացումը բխում է մեր երկու պետությունների շահերից: Դա նաև այն առանցքային գործոնն է, որի շնորհիվ մեր երկու պետությունների միջև առկա ռազմավարական փոխադարձ վստահությունն է՛լ ավելի է խորանում: Թուրքիան Արևելյան Թուրքեստանի իսլամական շարժումն ընդգրկել է ահաբեկչական կազմակերպությունների ցանկում: Պեկինը շատ բարձր է գնահատում Թուրքիայի այդ քայլը», - հայտարարում էր Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG