Մատչելիության հղումներ

Մեդվեդև. «Ռուսաստանին առևտրային պատերազմ է հայտարարվել»


ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդև, արխիվ

Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի  դեմ ամերիկյան պատժամիջոցների հերթական չափաբաժինն արդեն օրենքի ուժ ունի:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի կողմից անցած շաբաթ ընդունված այդ որոշումը ստորագրեց չորեքշաբթի օրը: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Հաքաբի-Սանդերսը նշել է, որ Թրամփը նոր պատժամիջոցների մասին որոշումը ստորագրել է նախևառաջ այդ հարցում իշխանությունների տարբեր թևերի միասնական դիրքորոշումն ընդգծելու համար:

«Նախագահը կողմ է Իրանի և Հյուսիսային Կորեայի անազնիվ վարչակազմերի դեմ կոշտ միջոցների կիրառմանը` վատ պահվածքի համար պատժելու նպատակով: Դրա հետ մեկտեղ, ստորագրելով այս օրենքը, նախագահը հստակ ազդակ է ուղղում Ռուսաստանին առ այն, որ միջամտությունը Միացյալ Նահանգներում ծավալվող ժողովրդավարական գործընթացներին անընդունելի է: Օրինագիծը որոշակի փոփոխությունների ենթարկվեց բայցևայնպես՝ պետք է արձանագրել, որ Կոնգրեսն իր այս քայլով սահմանափակեց նախագահի լիազորություները: Չնայած այդ հանգամանքին, նախագահ Թրամփը ստորագրեց այս օրենքը` ելնելով ազգային միասնության նկատառումներից»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակը` ընգծելով․ « Մենք մեր տեսակետը շատ հստակ ենք արտահայտել` կողմ ենք այս երեք պետությունների դեմ կոշտ պատժամիջոցների կիրառմանը»:

Հիշեցնենք՝ ամերիկյան նոր պատժամիջոցների համաձայն, սահմանափակվում է Ռուսաստանի էներգետիկ ոլորտում օտարերկյա ներդրումների առավելագույն ծավալը: Այս օրինագծով չի բացառվում նաև անհատական պատժամիջոցների կիրառումը Ռուսաստանի այն քաղաքացիների հանդեպ, որոնք առնչություններ ունեն կիբերհարձակումների կազմակերպման, կոռուպցիոն գործարքների և մարդու իրավունքների խախտումների հետ: Կոնգրեսի որոշման կարևորագույն կետերից մեկն էլ պատժամիջոցների վերացման հարցում նախագահի լիազորությունների կտրուկ սահմանափակումն է: Օրինագծի համաձայն, նախագահն առանց Կոնգրեսի հավանության պատժամիջոցները վերացնել չի կարող:

«Պատժամիջոցների մասին օրինագծի ստորագրմամբ ամերիկյան նոր վարչակազմի հետ հարաբերությունների բարելավման բոլոր հույսերն ի դերև եղան»: Այս մասին «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում այսօր գրել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: «Ռուսաստանին լիարժեք առևտրային պատերազմ է հայտարարված: Բացի այդ, Թրամփն այս քայլով ի ցույց դրեց իր վարչակազմի լիակատար անզորությունը` նվաստացուցիչ կերպով գործադիր [իշխանության] լիազորությունները փոխանցելով Կոնգրեսին», - իր գրառման մեջ նաև պնդում է Մեդվեդևը` հավելելով․ «Պատաժամիջոցների ռեժիմը պահպանվելու է տասնամյակներով, եթե իհարկե՝ հրաշք տեղի չունենա»:

«Ընդհանուր առմամբ պատժամիջոցների քաղաքականությունը անհեռատես, անօրինական և անհեռանկարային բնույթ ունի»,- այսօր հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` նաև նշելով․ «Այն բոլոր պետությունները, որոնք բախվել են այդ անօրինականությանը` մտադիր են և պետք է պայքարեն իրենց շահերը պաշտպանելու նպատակով»:

Պաշտոնական Թեհրանը ևս քննադատում է ամերիկյան պատժամիջոցների մասին նոր օրինագիծը: «Վաշինգտոնի կողմից սահմանված պատժամիջոցները կոպտորեն խախտում են միջուկային ծրագրի շուրջ կնքված համաձայնագիրը»,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին: «Իրանը երբեք չի հանդուրժի իր մեկուսացմանն ուղղված քայլերը»,- այսօր հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին: Նրա այս հայտարարությունը հնչել է Թեհրանում կազմակերպված արարողության ժամանակ, որի ընթացքում Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին Ռոհանիին հաստատեց նախագահի պաշտոնում:

Ամերիկացի վերլուծաբանների պնդմամբ էլ՝ թեև Դոնալդ Թրամփը հատկապես Ռուսաստանի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանման հեռանկարից առանձնապես ոգևորված չէր, այդուհանդերձ չստորագրել Կոնգրեսի կողմից ընդունված որոշումը չէր կարող:

«Նախագահ Թրամփն իրականում ընտրություն չուներ և դա երկու պատճառ ունի: Առաջինն այն կասկածներն են, որ նա 2016 թվականի նախընտրական արշավի ընթացքում որոշակի գաղտնի պայմանավորվածություններ է ունեցել Ռուսաստանի կառավարության հետ: Եթե նա վետո դներ պատժամիջոցներ սահմանող օրենքի վրա, ապա նման քայլն այդ կասկածներն էլ ավելի էր խորացնելու: Մյուս, շատ ավելի պրագմատիկ պատճառը քվեների այն հարաբերակցությունն էր, որով հաստատվեցին պատժամիջոցները Կոնգրեսի երկու պալատներում: Այդ քվեները բավարար էին, որպեսզի Կոնգրեսը հետագայում կարողանա հաղթահարել նախագահի վետոն` անտեսելով նրա առարկությունները»,- նշում է Միջազգային հարաբերությունների «Ջոնս Հոպկինսի» դպրոցի պրոֆեսոր Հալ Բրանդսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG