Մատչելիության հղումներ

«Պողպատե մուրճը» հեռացավ բռնցքամարտից


Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտի նախօրեին, Լոնդոն, 28-ը ապրիլի, 2017թ.
Բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոն Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտի նախօրեին, Լոնդոն, 28-ը ապրիլի, 2017թ.

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն ծանրքաշային Վլադիմիր Կլիչկոն այսօր հայտարարել է սպորտից վերջնականապես հեռանալու մասին:

«Ես երբեք չեմ ենթադրել, որ կունենամ այսպիսի երկարատև և հաջողված մարզական կարիերա, սրտանց շնորհակալ եմ իմ երկրպագուներին», - ասվում է 41-ամյա բռնցքամարտիկի այսօր հրապարակած հայտարարությունում:

Կլիչկոն ապրիլի 29-ին 11-րդ ռաունդում նոկաուտով պարտվել է աշխարհի ներկայիս չեմպիոն 27-ամյա բրիտանացի Էնթոնի Ջոշուային: Ենթադրվում էր, որ նոյեմբերին տեղի կունենա ռևանշի մենամարտը, սակայն այն այլևս կչեղարկվի:

«Նախ որպես սիրող, ապա պրոֆեսիոնալ՝ ես սպորտում նվաճել եմ այն ամենն, ինչի մասին երազել եմ, հիմա եկել է սպորտից հետո կյանքիս երկրորդ շրջանն ապրելու ժամանակը», - ասվում է Կլիչկոյի այսօրվա հայտարարությունում:

Վլադիմիր Կլիչկոյի ավագ եղբայրը՝ Վիտալին, նույնպես ծանր քաշում աշխարհի նախկին չեմպիոն է և հիմա զբաղեցնում է Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի քաղաքապետի պաշտոնը:

Պրոֆեսիոնալ բռնցքամարտում Վլադիմիր Կլիչկոյի մականունն էր «Պողպատե մուրճ»: Նա իր կարիերայի ընթացքում տարել է 64 հաղթանակ, այդ թվում 53-ը՝ նոկաուտով, և կրել է ընդամենը 5 պարտություն:

Վլադիմիր Կլիչկոն պրոֆեսիոնալ բռնցքամարտի տարբեր ֆեդերացիաների վարկածներով ծանր քաշում աշխարհի չեմպիոն էր 2006-ից մինչև 2015 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG