Մատչելիության հղումներ

Վանաձոր-Ալավերդի ճանապարհի շինաշխատանքները ձգձգվում են, որոշ հատվածներ նորից կկառուցվեն, էլի գումար կպահանջվի 


Շինաշխատանքներ՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում, արխիվ
Շինաշխատանքներ՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածում, արխիվ

Վանաձոր-Ալավերդի վերանորոգվող ճանապարհի շինարարության ժամկետներն առնվազն երկու ամսով երկարաձգվել են, ասում է ճանապարհի մոտ 18 կիլոմետրանոց հատվածի պատասխանատու՝ «Արարատ-ճանշին»-ի գլխավոր ինժեներ Հրաչ Սարգսյանը․ «Շուրջ երկու ամիս ա մենք էն կողմերում գործ չենք անում»։

Պտճառը Վանաձորը սնող գազատարերի ու ջրատարերի փոխման աշխատանքներն են, որոնք իրականացվում են ճանապարհի հետ համընկնող որոշ հատվածներում: Դրա համար ծախսվելու է հավելյալ մեկ միլիարդ 28 միլիոն դրամ, ինչը նախատեսված չի եղել շինարարության նախագծով։

Ընկերության կողմից հարթեցված խճապատված ու ասֆալտապատման համար վերջնական տեսքի բերված ճանապարհի մոտ 8 կիլոմետրանոց հատվածի վրա կոմունիկացիոն կաբելներ են անցկացվում, փոխվում են ջրագծերն ու գազատարերը, ինչի հետևանքով էլ շինարարներն արդեն իսկ իրականացված աշխատանքների մոտ 20 տոկոսը ստիպված կլինեն կրկին իրականացնել։

«Մենք որ մասնակցել ենք մրցույթին, մրցութային նախահաշվում դրանք նախնականով չեն եղել։ Հետո ավելացվեց, որ ջրագիծը պետք ա տեղափոխվի, գազը պետք ա տեղափոխվի, որոնք խոչընդոտում էին շինարարական աշխատանքներին։ Դա որոշակիորեն լրացուցիչ ծախսեր են: Լրիվ իրար հետ դա մոտավորապես 20 տոկոսի կորուստ կըլնի, որովհետև նորից պիտի ավազակոպիչը թարմացվի, խտացվի, ջրվի, որից հետո նոր բերվի խճային հիմքի»,- ասաց Սարգսյանը:

Նոր գազատարերի և ջրատարերի տեղադրման աշխատանքն իրականացնում է մեկ այլ շինարարական ընկերություն՝ «Հիդրոէնշին»-ը, որը, որպես ենթակապալառու, պարտավորվել էր մինչև հուլիսի 1-ը ավարտել գործը։ Ընկերությունը, սակայն, աշխատանքը նախատեսված ժամկետում չի ավարտել։ Օրերս շինաշխատանքների ընթացքին ծանոթանալու համար այնտեղ էր մեկնել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը: Վերջինս ընկերությունից պահանջել է գործն ավարտել մինչև օգոստոսի 15-ը, սպառնալով հակառակ դեպքում կիրառել տույժեր, այդ թվում՝ վերանայել պայմանագիրը:

Ենթակապալառու «Հիդրոէնշին» ընկերության տնօրեն Վահան Վարդանյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, թե երկարացված ժամկետում գործը կավարտեն, չնայած խողովակները Ռուսաստանից են բերում ու դեռ նոր խմբաքանակ ունեն ստանալու։ «Մենք չենք զլացել մեր աշխատանքում, կոնկրետ մեր կողմից ձգձգումներ չեն եղել»,- ասաց Վարդանյանը:

Շինարարական կազմակերպություններն այսօ դժվարանում են կանխատեսել՝ կկարողանա՞ն Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վերանորոգման աշխատանքներն ավարտել նախատեսված ժամկետում, թե ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG