Մատչելիության հղումներ

Պուտինը եկող շաբաթ կայցելի Աբխազիա․ РБК


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Նովո-Օգարյովոյի նստավայրում ընդունում է Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբային, 18-ը փետրվարի, 2016թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգոստոսի 8-ին` ռուս-վրացական հնգօրյա պատերազմի մեկնարկի 9-րդ տարելիցի օրը, կժամանի Աբխազիա: Այս մասին մոսկովյան РБК հեռուստաընկերությանը հաղորդել են ռուսաստանցի և աբխազ առնվազն հինգ պաշտոնյաներ` չցանկանալով բացահայտել իրենց ինքնությունը:

Ռուսաստանյան լրատվամիջոցի տեղեկություններով՝ Պուտինն իր կարճատև այցի ընթացքում բանակցություններ կանցկացնի Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ:

Ինչպես և կարելի էր ենթադրել, Ռուսաստանի նախագահի այցի մասին տեղեկությունները դժգոհության ալիք բարձրացրեցին Վրաստանում: Սառեցված հակամարտությունների լուծմամբ զբաղվող թիվ մեկ պաշտոնյան` Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախարար Քեթևան Ցիխելաշվիլին նշում էր. - «Սրանք սադրիչ գործողություններ են: Այս այցը հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել: Այն տեղավորվում է այսօր ստեղծված ընդհանուր պատկերի մեջ` դա շարունակական սադրանք է: Սա Ռուսաստանի կողմից մեր տարածքների ֆիզիկական բռնակցման փորձ է»։

Որոշ գնահատականների համաձայն, Պուտինի այցը Աբխազիա Մոսկվայի պատասխանն է Վրաստանում մեկնարկած ՆԱՏՕ-ի զորավարժություններին և Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի թբիլիսյան այցին:

«Ես գրգռվածության որևէ պատճառ չեմ տեսնում, քանի որ մեր գործողությունները որևէ մեկի դեմ ուղղված չեն: Մեզ համար ամենակարևոր խնդիրը մեր պաշտպանական կարողությունների ամրապնդումն է: Այդ իսկ պատճառով, այլ պետությունների պաշտոնյաների այսպես կոչված այցերը մեր օկուպացված տարածքներ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտում են հանդիսանում», - հայտարարում էր Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:

Վրացական ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, պնդում են, որ Պուտինի առաջիկա այցը Աբխազիա պաշտոնական Թբիլիսիի ձախողված դիվանագիտության հետևանքն է:

«Պուտինի այցը օկուպացված Աբխազիա սադրանք է: Շատ կարևոր է, որպեսզի Վրաստանի կառավարությունն ակտիվացնի միջազգային դիվանագիտության ներգրավվածությունն այս խնդրում: «Վրացական երազանք» կուսակցության ձևավորած կառավարությունը նման քայլերից խուսափում է», - նշում էր նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներին միավորող Ազգային միացյալ շարժման խորհրդարանական խմբակցության քարտուղար Թինաթին Բոկուչավան:

2008 թվականի ռուս - վրացական կարճատև պատերազմից հետո պաշտոնական Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG